ԼՐԱՑՈՒՑԻՉ 500 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ
Գործադիրը լրացուցիչ 500 մլն դրամ հատկացրեց վերարտադրողական առողջության ծրագրի համար: Պահանջարկից ելնելով՝ 2019-ին մեկնարկած ծրագիրը մի քանի անգամ վերանայվել է: 38-ի փոխարեն այժմ սահմանամերձ 194 բնակավայրերի բնակիչներ կարող են օգտվել ծրագրից, հաջորդ վերանայումը պայմանավորված էր 44-օրյա պատերազմով, զոհվածների ընտանիքների համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ծրագիրը վերափոխվեց, շահառու դարձան մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող կանայք: Սահմանամերձ բնակավայրերոմ 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն երկրորդ բալիկ ունենալու հնարավորություն: 2023-ի 7 ամսում սպասարկվել է մոտ 3000 շահառու: Գրանցվել է 301 հղիություն, ծնվել է 57 երեխա, 9-ը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքում:
Առողջապահության նախարարի խոսքով՝ ծնունդների ցուցանիշը 31.6 տոկոս է: Ծրագրի հասանելիությունը մեծացնելու համար մարզերում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ: Վարչապետն անհրաժեշտ համարեց վերացնել տարիքային սահմանափակումը՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին օգտվել ծրագրից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր ծրագրի նպատակը դա է եղել, ինչի ենք տարիքային շեմ սահմանել, որ մարդը 32 տարի, կառավարությունը քաղաքականություն է վարում, մարդն ինքն է որոշում՝ օգտվել, թե ոչ, պետք է վերացնել, որևէ պատճառով, պետք է հասանելի դարձնել: Տարբեր չափանիշներ ենք մտածում, բոլորից վեր հետևյալն է՝ ինչքան մարդ է ապրում, ինչքան երեխա է ծնվում, դա կարևոր ցուցանիշ է:
Անահիտ Ավանեսյան - Եթե թույլ տաք, քննարկենք տարիքային հատվածը, առողջական նրբություններ կան. խնդիր չենք տեսնում:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ առաջին 7 ամսվա ծնունդների թիվը 540-ով գերազանցում է 2022-ի, 348-ով՝ 2020-ի, 368-ով՝ 2019-ի ցուցանիշը: Այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահերի ամենացածր ցուցանիշը: Նշվեց՝ սեպտեմբերին պատրաստ կլինի Ժողովրդագրության ռազմավարությունը:
Նիկոլ Փաշինյան - 2023-ի առաջին կիսամյակում մահացածների և ծնվածների տարբերությունը դրական է, և ըստ այդմ ՝ 4467 մարդով բնական հավելաճ ենք ունեցել, ինչը կարևոր ցուցանիշ է, մանավանդ այս ոլորտում շարունակում ենք քաղաքականությունը, որ ժողովրդագրական վիճակի բարելավում ունենանք:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Գործադիրը հավանություն տվեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որի նպատակն է բարձրացնել շրջանառության հարկ վճարողների մոտ գործարքների փաստաթղթավորման մակարդակը, հարկային մարմնին վերապահել հսկողական արդյունավետ գործիքակազմ՝ հայտնաբերելու չփաստաթղթավորված գործարքների դեպքերը:
Արթուր Մանուկյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Կամ թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, և երրորդը՝ կանխարգելել հարկային իրավախախտումները:
Վարչապետի խոսքով՝ ռազմավարական մոտեցում է՝ փոխել քաղաքացիների վերաբերմունքը իրենց վճարած հարկերի հանդեպ: Ըստ նրա՝ կրկնապատկվում են ուսուցիչների, զինծառայողների, ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, ավելանում են ռազմական, անվտանգային ծախսերը, կառուցվում են ճանապարհներ, դպրոց-մանկապարտեզներ, 2023-ի բյուջեով նախատեսված է ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն Լեռնային Ղարաբաղին, բայց շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ:
Նիկոլ Փաշինյան - Ստվերի չափով, մենք փոքրացնում ենք ՀՀ-ի զարգացման հնարավորությունները: Եվ մենք որոշել ենք, և դա վճռական ենք այդտեղ, որ մենք պետք է գնանք ստվերի հետևից, և պետք է ստվերը կրճատենք այնքան, ինչքան դա տեսականորեն և գործնականորեն հնարավոր է:
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց առաջարկվող փոփոխությունները՝ առանց փաստաթղթավորման ապրանքների ձեռքբերումը կդառնա անհնարին:
Նիկոլ Փաշինյան - Շրջանառության հարկ վճարողները, սովորաբար հարկ վճարողները համարվում են ավելի փոքր շրջանառության հարկ ունեցող ընկերություններ, մենք խնդիր չենք դրել՝ ընկնել փոքր շրջանառություն ունեցող ընկերությունների հետևից: Մենք տեսնում ենք, որ մեծ շրջանառություն ունեցողները ահա այս մեծանիզմի կիրառմամբ խուսափում են հարկային պարտավորություններից: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025-ի հունվարի 1-ից՝ հնարավորություն տալով, որ բիզնեսը հարմարվի:
ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁՈՎ ՏՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵՆ
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ֆիզիկական անձանց միջև վարձակալության դեպքերին: Գործող օրենքով՝ նրանք պետք է եկամտային հարկ վճարեն, և վարձով բնակարան տված քաղաքացիները, որոնք հարկ չեն վճարել, խախտել են օրենքը: Այս փոփոխությամբ ուժեղացվում է վարչարարությունը:
Նիկոլ Փաշինյան - Շուկայում լավ աշխուժություն կա, և նույնիսկ գիտենք դեպքեր, երբ մարդիկ, օրինակ, Երևան քաղաքում իրենց բնակարանը տալիս են վարձակալության և գնում են, գյուղում են ապրում: Տնտեսական առումով՝ հետաքրքիր որոշում: Հիմա մենք այդ մարդկանց ասում ենք՝ դուք պետք է այդ վարձակալության գումարից հարկ տաք, որպեսզի մենք ձեր այդ գյուղի ճանապարհն էլ կառուցենք
Արթուր Մանուկյան - Միայն շրջանառության հարկն է լինելու 2025-ից, մնացածն ուժի մեջ կմտնի հոկտեմբերից:
ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ «ԿՅԱՆՔԻ ՊՈՒՐԱԿ» ԿՀԻՄՆՎԻ
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևանի բուսաբանական այգում Կյանքի պուրակ հիմնելու համար: Նախարար Սանոսյանը տեղեկացրեց՝ 100 հեկտարից 32-ի վրա կտեղակայվի Կյանքի պուրակը, որտեղ կլինեն ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի գոտիներ: Կտնկվի մոտ 7000 ծառ, 12 հազար թուփ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Իրականացվել է մրցութային գործընթաց: Ամբողջ աշխատանքների համար նախատեսված է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր:
Վարչապետը հիշեցրեց՝ 44-օրյա պատերազմից հետո Կյանքի պուրակ ստեղծելու նպատակն ու գաղափարը՝ ինչպես հավերժացնել հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակը:
Նիկոլ Փաշինյան - Եվ որոշում կայացվեց: Նախ՝ անվանը հանգեցինք, որ պետք է կոչվի Կյանքի պուրակ, որը հենց կընդգծի կյանքի տրամաբանությունը, և այն տրամաբանությունը, որ մենք ասել ենք, որ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի: Սրանով Երևանի բուսաբանական այգին վերակենդանացնելու ծրագիր ենք սկսում, որովհետև մենք զարմանքով արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԱՏ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Օրակարգից դուրս՝ վարչապետն անդրադարձավ մարզային՝ իր ոչ պաշտոնական վերջին այցերին, այդ ընթացքում արձանագրած խնդիրներին և կաբինետի անդամներին հորդորեց երբեմն առանց պլանավորելու այցեր կատարել, շփվել մարդկանց հետ։
Նիկոլ Փաշինյան - Այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով դուք չեք գտնի, ոչ մի պաշտոնական այցի ընթացքում դուք չեք տեսնի։
Վարչապետն անդրադարձավ մարզային այցերի ընթացքում արձանագրած խնդիրներին: Նշեց՝ ճանապարհների սպասարկման որակը խայտառակ վատ է:
Նիկոլ Փաշինյան - Եթե ձյուն է տեղում, բոլորիս ռեակցիան, որ ՃՇԸ-ները պետք է մաքրեն: Իսկ եթե անձրև է գալիս, անձրևաջրերը բերում են, ճանապարհի վրա բերուկը լցնում ճանապարհին, տպավորություն է, որ բոլոր սպասում են հաջորդ կառուցողական անձրևին, որը կգա, կմաքրի, կտանի: Երրորդ իրավիճակը՝ անձրև, ձյուն չի եկել, ճանապարհի մաքրման մասին ոչ ոք չի մտածում: Բեռնատարների արանքներից ավազն ա թափվում, անիվների հետ է գալիս ավազ, խիճ, ոչ ոք չի մտածում՝ ճանապարհը ամենօրյա ռեժիմով մաքրել, ավլել:
Ճանապարհի երթևեկելի հատվածը պետք է լինի գծանշված, նկատեց վարչապետը, հավելեց՝ եզրային գծանշումներ կան, որոնք 7-8 սմ ավազի տակ են:
Նիկոլ Փաշինյան - Որպես վարորդ եմ տվյալ դեպքում հանդես եկել, Դիլիջան-Իջևան ճանապարհին տենց կմ չկա, որի վրա փոս չկա, ո՛վ ա զբաղվելու, ինչի պետք է վարչապետն այս մասին խոսի, նշանակում է ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում ընդհանրապես: Ի՞նչ բացատրություն ունեք, պարո՛ն Սանոսյան:
Գնել Սանոսյան - Կան խնդիրներ, ինչ-որ բաներ փոխվել են, պետք է փոխվեն, որ կատարյալին մոտ լինի, եթե հետ գնանք նախորդ տարիներ, երբեք եզրային հատվածները չէին գծանշվում:
Նիկոլ Փաշինյան - Ինչ-որ մարդիկ չեն անում, պետք է անուն-ազգանունները, նշանակեք ծառայողական քննություն, իմ սեղանին դնել անուններ, որոնք պետք է հետևեն, որ կապալառու ընկերությունները հետևեին, որ աշխատանքն իրականացվեր: Ուր գնում ես, մեծ ցուցանակ է, ճանապարհը սպասարկում է էսինչ ընկերությունը, չի սպասարկում: Պարո՛ն Հարությունյան, ձեզ էլ հանձնարարում եմ՝ տեսչական մարմիններից ով իր աշխատանքը չի կատարում:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ճանապարհային նշաններ կան՝ 70-ականներից չեն փոխվել: Որպես օրինակ նշեց Խոր Վիրապ տանող ճանապարհի ցուցանակը:
ՏԱՍՆՅԱԿ ԿԻԼՈՄԵՏՐԵՐՈՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՉԿԱ. ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետի արձանագրած հաջորդ խնդիրը վերաբերում է ինտերնետ հասանելիությանը:
Նիկոլ Փաշինյան - Տասնյակ կմ-երով ինտերնետ չկա: Հասկանում եմ, որ ճանապարհների ծանրաբեռնվածությունը մեծացել է, սա պրոբլեմ է, միջպետական ճանապարհին ինտերնետ չլինի, սա նոնսենս է, աբսուրդ է: Ասում ենք՝ լայնաշերտ ինտերնետ քաշենք, մեր բանուկ ճանապարհներին ինտերնետ չկա:
ԱՆԱՍՆԱՊԱՀՆԵՐԻՆ ԻՐԱԶԵԿԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև խելացի անասնագոմերի խնդրին, խոսեց սարատեղերում մի քանի տասնյակ խոշոր եղջերավոր ունեցող մարդկանց հետ հանդիպման մասին:
Նիկոլ Փաշինյան - Մարդիկ չարչարվում են, արդյունք չկա, չի էլ լինելու, ոչ մի պայման չկա, հարցնում եմ, ասում եմ՝ եղբայր, 20 կով ես պահում, լսել ես ծրագրի մասին, այնտեղ էլ, պարզ է՝ ինտերնետ չկա: Ասում եմ՝ կարող է սև ցուցակի պրոբլեմ ունեք, ասում եմ՝ ծրագիրը ձեզ համար ենք արել, ասում ա ՝ տեղյակ չենք, բայց զեկույցներում մենք գնացինք, համայնքներում հրավիրեցինք, բոլորը գիտեն, սուտ է, էդ մարդը տեղյակ չէ:
Վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությանը՝ մարզպետարանների հետ 1 ամսում ձևավորել խմբեր և անասնապահներին իրազեկել պետական ծրագրերի մասին:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ, ԲԱՅՑ ԱՆԲԱՐԵԿԱՐԳ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
Վարչապետն անդրադարձավ նաև խոշոր համայնքներում սեփականաշնորհված, բայց անբարեկարգ տարածքների խնդրին:
Նիկոլ Փաշինյան - Օրինակ՝ մարզկենտրոններով քայլեք, մեկը ներդրում է արել, չորս կողմն ավերակ է, հարցնում ես՝ ասում է՝ սեփականաշնորհված է, ով է, նախկին քաղաքապետը, էն մեկը, նրա նախկին գուցե գույքային հարկերով խթանենք, որ շահագրգռված են, չենք ասում՝ հետ վերցնենք:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - 250 հայց ունենք, աճում են, գործընթաց ենք ստացել Երևանում, շրջում ենք, հանում ենք՝ ինչ ժամկետում են տրվել շինարարության համար տարածքները: Դիմելու ենք ՏԻՄ-երին պայմանագրերը խզելու պահանջով, կոնկրետ ժամկետ կան, եթե չի արել, չի կարող: Երևանի կենտրոնում ենք սկսել, զուգահեռ շարունակվում են տեղերում, նաև գյուղերը, համայնքի ղեկավարները չեն կարող հայցեր ներկայացնել, մենք ենք անում:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԵՏՎՃԱՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Երկրի ղեկավարն անդրադարձավ նաև կենսաթոշակների բարձրացման քաղաքականությանը՝ նշելով՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 34.825 դրամ է, հուլիսի 1-ից նվազագույն կենսաթաշակը դարձել է 36.000 դրամ:
Նիկոլ Փաշինյան - Ինչը նշանակում է, որ այսօր Հայաստանում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից բարձր, հետվճարի համակարգը զարգանում է: Նախորդ մեկ տարում անկանխիկ գործարքները դարձել են 37.7 մլրդ դրամ, մոտ 100 մլն դոլարի անկանխիկ գործարք են արել, 3 մլրդ դրամ հետվճար են ստացել, 8.9 մլն դոլարի:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Պարենայինի և կենսաթոշակի հարաբերակցությունը 103.4 տոկոս է, գումարենք 10 տոկոս հետվճարը, 110 տոկոս հարաբերակցություն ենք ունենում:
Հուլիսին գրանցվել է 4.9 մլրդ դրամի անկանխիկ գործարք, 418 մլն դրամ հետվճար: Ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 125 հազարի: