ՄՈՍԿՎԱՅԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱԹՍ Է ԽՈՑՎԵԼ. ՌԴ ՊՆ
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել՝ հայտնել է ՌԴ ՊՆ-ն: Գերատեսչությունը տեղի ունեցածը ահաբեկչության փորձ է որակել: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են մայրաքաղաքի Կարամիշևսկայա գետափնյա շրջանում: Նրա խոսքով՝ լուրջ ավերածություններ չեն գրանցվել, տեղում աշխատել է շտապօգնությունը:
Ստեղծված իրավիճակի ֆոնին անվտանգության նկատառումով առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր: Այժմ բոլոր աշխատանքները վերականգնվել են:
MICROSOFT-Ը ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՌԴ-ՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
Microsoft-ը ծանուցում է ուղարկել Ռուսաստանում իր բիզնես հաճախորդներին, որ ընկերությունը սեպտեմբերի 30-ից այլևս չի թարմացնելու այդ երկրում կորպորատիվ հաճախորդների ծրագրային արտոնագրերը: Այսպիսով՝ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների պատժամիջոցների շրջանակում կազմակերպությունը դադարեցնում է Ռուսաստանում նոր ապրանքների և ծառայությունների վաճառքը:
Մոսկվան էլ մեկնաբանել է Microsoft-ի կողմից Ղազախստանում տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ծրագիրը, որում կընդգրկվեն Կենտրոնական Ասիայի երկրները, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոնղոլիան և Պակիստանը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ հետխորհրդային տարածքում նման նախաձեռնության մեկնարկը առաջին հերթին բխում է ԱՄՆ-ի շահերից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի նպատակը ամերիկյան հետախուզական ցանցի ընդլայնումն է։
«Զգուշացնում ենք ԱՊՀ մեր ընկերներին նման կազմակերպությունների հետ գործակցության բացասական հետևանքների մասին»,- հավելել է Գալուզինը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄՆ-Ի ԵՎ ԻԻՀ-Ի ՄԻՋԵՎ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ՝ «հինգը՝ հինգի դիմաց» ձևաչափով: Գործարքի համաձայն՝ Իսլամական Հանրապետությունը նաև հասանելիություն կստանա միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում սառեցված 6 միլիարդ դոլարի:
Սպիտակ տան Ազգային ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով՝ նշված 6 միլիարդը փրկագին չէ և չի վճարվելու ԱՄՆ հարկատուների միջոցներից։
ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
Դուշանբեում տեղի է ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով երկու երկրների կառավարական պատվիրակությունների աշխատանքային խմբերի հանդիպումը։
Կողմերին հաջողվել է սահմանագծել պետական սահմանի 290 կիլոմետրանոց վիճելի հատվածի ավելի քան 100 կիլոմետրը: Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի ընդհանուր երկարությունը 972 կմ է:
Տեղի են ունեցել նաև Ուզբեկստան-Ղրղզստան պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներ, որոնց արդյունքներով իրականացվել է սահմանագծի 55 հատվածի համատեղ դաշտային ուսումնասիրություն: