Կառավարությունը՝ օգոստոսի 11-ի նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս մասով ռազմավարական մոտեցումն է՝ փոխել, բարելավել, զարգացնել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց իսկ վճարած հարկերի նկատմամբ:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ չնայած կրկնապատկվում են ուսուցիչների, բանակում ծառայողների, ուժային կառույցների ներկայացուցիչների աշխատավարձերը, ռազմական ծախսերը, անվտանգային ծախսերը էականորեն ավելանում են, կառուցվում են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ 2023-ի պետբյուջեով նախատեսված է, որ ավելի քան 170 միլիարդ դրամի աջակցություն պիտի ցուցաբերվի ԼՂ-ին, այդուամենայնիվ, ՀՀ-ում շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ:
«Ստվերի չափով, մենք փոքրացնում ենք ՀՀ-ի զարգացման հնարավորությունները: Եվ մենք որոշել ենք, և դա վճռական ենք այդտեղ, որ մենք պետք է գնանք ստվերի հետևից, և պետք է ստվերը կրճատենք այնքան, ինչքան դա տեսականորեն և գործնականորեն հնարավոր է»,- ասաց նա, ապա մանրամասնեց, թե նախագծով ինչ է առաջարկվում:
Նախ տեղեկացրեց, որ առանց փաստաթղթավորման ապրանքների ձեռքբերումն այս օրենքով գործնականում դառնում է անհնարին:
«Ասում ենք, որ շրջանառության հարկ վճարողն իր բոլոր ձեռքբերումները պետք է փաստաթղթավորի, ընդ որում՝ մենք այստեղ խնդիր չենք դրել (շրջանառության հարկ վճարողները, սովորաբար հարկ վճարողները համարվում են ավելի փոքր շրջանառության հարկ ունեցող ընկերություններ) ընկնել փոքր շրջանառություն ունեցող ընկերությունների հետևից: Մենք տեսնում ենք, որ մեծ շրջանառություն ունեցողները ահա այս մեծանիզմի կիրառմամբ խուսափում են հարկային պարտավորություններից»,- ասաց Փաշինյանը և տեղեկացրեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից՝ հնարավորություն տալով, որ բիզնեսը հարմարվի:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ֆիզիկական անձանց միջև վարձակալության դեպքերին, երբ վարձակալության տվողները եկամուտ են ստանում:
«Այսօր գործող օրենքով նրանք պետք է եկամտային հարկ վճարեն, և ՀՀ բոլոր այն հարգելի քաղաքացիները, որոնք բնակարան են տվել վարձով և հարկ չեն վճարել, իրենք արդեն իսկ օրենքը խախտել են: Եվ դա պրոբլեմ է: Հիմա ուզում ենք այդ վարչարարությունն ուժեղացնել:
Մենք հասկանում ենք, որ շուկայում լավ աշխուժություն կա, և նույնիսկ գիտենք դեպքեր, երբ մարդիկ, օրինակ, Երևան քաղաքում իրենց բնակարանը տալիս են վարձակալության և գնում են, գյուղում են ապրում: Տնտեսական առումով՝ հետաքրքիր որոշում: Հիմա մենք այդ մարդկանց ասում ենք՝ դուք պետք է այդ վարձակալության գումարից հարկ տաք, որպեսզի մենք ձեր այդ գյուղի ճանապարհն էլ կառուցենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը չբացառեց, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կարող է հանրային դժգոհություն առաջանալ, բայց միայն այն դեպքում, եթե մարդկանց վերաբերմունքը իրենց կողմից վճարող հարկերի նկատմամբ չփոխվի:
«Դա ոչ թե գումար է, որ մարդիկ իրենց գրպանից հանում են, տալիս են Կառավարությանը, այլ իրենք իրենց մի գրպանից հանում են, դնում են մյուս գրպանը, քանի որ իրենց ամենամեծ ու կարևոր գրպանը ՀՀ բյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում են»,- ասաց նա: