Օգոստոսի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի 120 հազար ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի: Ընդգծվել է, որ Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը խաթարում է նաև ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը ԼՂ-ում:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ճգնաժամի հանգուցալուծումը պահանջում է տեղում իրավիճակին համապատասխան հստակ գնահատականներ և քայլեր, ինչպես նաև բոլոր գործընկերների ջանքերի համադրում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժի վերականգնման նպատակով: