Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել: Թեմային Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ:
«Այսինքն՝ ԼՂ-ում գործող խանութները, դեղատները 2022 թ. դեկտեմբերից իրենց վաճառքի տեղական ու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել»,- ասաց վարչապետը, ապա հիշեցրեց, որ սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի ու դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
Վարչապետը անդրադարձավ նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցելու՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությանը:
«Աշխատանքային խումբը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել, և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ:
Ուզում եմ հիշեցնել, որ այդ 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է. ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա, ընդհանուր առմամբ՝ 361 տոննա:
Բեռի այս պարունակությունը հավաստվել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում՝ արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ:
Հետագայում հումանիտար շարասյանը միացել է ևս 2 բեռնատար՝ 9 տոննա քաղցրեղեն, մասնավորապես՝ 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ արտադրող ընկերության կողմից և 1 բեռնատար՝ 1 կցորդիչով, 25 տոննա մակարոնեղենով՝ Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս, Օվեր-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա և Լուարի երկիր երկրամասերի վարչական ղեկավարների անունից»,- ասաց նա:
Վարչապետը նաև ընդգծեց. «Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրություն»: