Այսօր առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: Նախնական տեղեկություններ են եղել, որ Կուբինկայի շրջանում անօդաչու թռչող սարք է նկատվել: Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դեպի Մոսկվա թռչող ԱԹՍ-ն չեզոքացվել է, և օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է:
***
Նիգերի ապստամբները զգուշացրել են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդին, որ կսպանեն պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Բազումին, եթե հարևան պետությունները վերջինիս վերականգնելու համար ռազմական միջամտության փորձ անեն:
Associated Press-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ աֆրիկյան երկրում իշխանությունը բռնազավթած զինվորականներն այս մասին հայտնել են օրերս Նուլանդի՝ Նիգեր այցի ժամանակ: CNN-ի տվյալով էլ՝ Նուլանդը զգուշացրել է, որ Բազումի անվտանգությունը պետք է ապահովվի, իսկ երկրի սահմանադրական կարգը չհարգելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Նիգերին տնտեսության և անվտանգության ոլորտներում:
Մինչ այդ՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի պետությունների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում: Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտնել է, որ գործողությանը կմասնակցեն Նիգերիան, Բենինը և այլ երկրներ: «Մենք վճռական ենք նախագահ Բազումին իշխանության վերադարձնելու հարցում»,- հավելել է Ուատարան։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները աջակցություն են հայտնել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի որոշմանը:
Ավելի վաղ՝ հեղաշրջումից հետո, Նիամեյում ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհուրդը հայտարարել է, որ Նիգերում իրավիճակն ապակայունացնում է Ֆրանսիան, որը ցանկանում է օգտագործել այդ երկրում տեղակայված իր զորախումբը։ Լրատվամիջոցներն էլ գրում են, որ իշխանության զավթումից և նախագահի տապալումից հետո Արևմտյան Աֆրիկայում հակաֆրանսիական տրամադրություններին զուգահեռ ակտիվացել են ռուսամետ տրամադրությունները, ինչը, Reuters գործակալության պնդմամբ, մտահոգում է Արևմուտքին:
ԲԱՅԴԵՆԸ 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ Է ԽՆԴՐԵԼ ԿՈՆԳՐԵՍԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին աջակցության համար լրացուցիչ 25 միլիարդ դոլար հատկացնել:
Փաթեթը նախատեսում է 13 միլիարդ դոլարի հատկացում Պենտագոնին՝ Կիևին ռազմական աջակցության համար: 3,6 միլիարդ դոլար էլ պետք է հատկացվի Ուկրաինային ռազմական, հետախուզական և պաշտպանական շարունակական աջակցության համար: Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին տնտեսական, հումանիտար և այլ աջակցության համար կհատկացվի 8,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ 200 միլիոն դոլար՝ աֆրիկյան երկրներում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը դիմակայելու համար:
Ընդհանուր առմամբ, նախագահը ԱՄՆ Կոնգրեսից խնդրել է շուրջ 40 միլիարդ դոլար հատկացնել միջազգային կարիքների համար: Բացի Ուկրաինայից՝ աջակցություն կտրամադրվի նաև Թայվանին: Միջոցներ կհատկացվեն նաև Միացյալ Նահանգների սահմանային անվտանգության ապահովմանը և երկրում աղետներից տուժածներին:
Reuters-ը, գրում է, որ Բայդենի հայտը կարող են արգելափակել Կոնգրեսի ծայրահեղ աջ հանրապետականները, որոնցից շատերը սերտ կապեր ունեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և չեն ցանկանում միլիարդներ ծախսել Կիևին աջակցության համար:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 5,3 ՄԱԳՆԻՏՈՒԴ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժել է ավելի քան 20 մարդ, կան ավերածություններ՝ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարը։ Լրատվականները գրում են, որ երեկ երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում: Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո երկրում պարբերաբար ցնցումներ են գրանցվում:
ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ԶՈՀ ԿԱ
Հավայան կղզիներում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 50 մարդ է զոհվել, կան վիրավորներ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ այդ թիվն օրեցօր մեծանում է: Ավերվել են հարյուրավոր շինություններ, 10.000-ից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրականության, իրականացվում է զանգվածային տարհանում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ամենից շատ տուժել է Մաուի կղզու հյուսիսային հատվածը: Հազարավոր զբոսաշրջիկներ փորձում են լքել այն։
Ըստ տեղական իշխանությունների՝ տարածաշրջանում շոգի և երաշտի պատճառով առաջացած հրդեհներն աննախադեպ են: Կրակի արագ տարածմանը նպաստում է նաև ուժեղ քամին:
Բայդենի վարչակազմը Հավայան կղզիներում բռնկված հրդեհները «խոշոր աղետ» է անվանել։