ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք․ «Հայաստանի և Իրանի միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն: Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է ու բազմոլորտ․ մասնավորապես՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ունենք զարգացման հսկա ներուժ, որը, լիահույս եմ՝ կկարողանանք համատեղ էլ ավելի զարգացնել՝ ելնելով մեր երկրների լավագույն շահերից»,- նշել է նախարարը։
Դեսպանը ևս պատրաստակամություն է հայտնել համատեղել ջանքերը՝ ոլորտային զարգացման հեռանկարով․ «Մինչ Հայաստան այցելելը հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության գործընկերների հետ և լիարժեք պատրաստ եմ կյանքի կոչել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկել եք»,- ընդգծել է դեսպանը։
Այս համատեքստում կողմերը քննարկել են 2023 թ. փետրվարի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանց ընթացքը։ Նախարարը ներկայացրել է նաև Ժնև կատարած այցի ընթացքում իրանցի գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքներն ու նախանշված անելիքները։
Անդրադարձ է կատարվել նաև մշակվող փոխըմբռնման հուշագրերի գործողություններին և միջոցառումներին, անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, համագործակցության զարգացման հեռանկարներին և հնարավորություններին։