ՊԱՐՏԱԴԻՐ ՏԱՐՀԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՒՊՅԱՆՍԿԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Ուկրաինայի իշխանությունը Կուպյանսկի շրջանի 37 բնակավայրում պարտադիր տարհանում է հայտարարել։ Խարկովի բնակիչները կտեղափոխվեն երկրի ավելի անվտանգ տարածքներ։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ վերջին օրերին ռուսական ուժերն ակտիվացրել են Խարկովի ուղղությամբ հարձակումները և ունեն առաջխաղացում: Նշվում է, որ պարտադիր տարհանման ենթակա է շուրջ 11 հազար բնակիչ։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍԵՎ ԾՈՎՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱՆՑՔՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
Ուկրաինան Սև ծովում ժամանակավոր միջանցքներ է բացում Չեռնոմորսկ, Օդեսա և Յուժնի ուղևորվող առևտրային նավերի համար։ Ուկրաինայի Զինված ուժերը, սակայն, զգուշացրել է՝ նավերի համար ռազմական և ականային վտանգը պահպանվում է: Ուկրաինական պարենամթերքով բեռնված վերջին նավը Օդեսայի նավահանգստից դուրս է եկել հուլիսի 16-ին։
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով՝ հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ, իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն Կիևի կողմից հակամարտությանը ներգրավված պետություններ:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՆ. ՌԴ ՊՆ
Ուկրաինական ուժերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալով՝ անօդաչուներ են արձակվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ: Ռուսական կողմն ընդհանուր առմամբ 13 անօդաչու թռչող սարք է խոցել:
«Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել:
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻՆ. ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի բնակելի թաղամասերից մեկին, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնել է տեղական իշխանությունը՝ կատարվածը որակելով ահաբեկչություն: Նշվում է, որ ռուսական ուժերը 1 օրվա ընթացքում 82 հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի 21 բնակավայրի։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Դուբնոյի շրջանը, ինչի հետևանքով նավթի պահեստ է ոչնչացվել: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
ԷԿՎԱԴՈՐՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՆՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Էկվադորում նախընտրական հանրահավաքից հետո անհայտ անձինք սպանել են նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին: Տեղեկությունը հաստատել է Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն: Associated Press-ը հայտնել է, որ կասկածյալներից մեկը մահացել է փոխհրաձգության ժամանակ, ևս 6 կասկածյալ բերման է ենթարկվել:
Քաղաքացիական անձանց շրջանում կան տուժածներ: Սպանության վայրից քիչ հեռու ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Իրավապահները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։
Էկվադորի նախագահի չորս թեկնածուները հայտարարել են նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին: Լրատվականները գրում են, որ թեկնածուի սպանությունից հետո Վիլյավիսենսիոյի նախընտրական գրասենյակները ևս ենթարկվել են զինված հարձակման: Ըստ ԶԼՄ-ների՝ մահափորձից մի քանի շաբաթ առաջ Վիլյավիսենսիոն սպառնալիքներ է ստացել:
Նախագահի թեկնածուի սպանության պատասխանատվությունը ստանձնել են Էկվադորի խոշոր հանցախմբերից Լոս Լոբոսի ներկայացուցիչները՝ նշելով, որ Վիլյավիսենսիոն չի կատարել խոստումները և զբաղվել է կոռուպցիայով:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԻԳԵՐՈՒՄ
Նիգերի ապստամբների առաջնորդ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուրահման Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կառավարության կազմում ընդգրկվել է 20 նախարար՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նիգերի ապստամբների առաջնորդը նաև հանդիպել է պետական հեղաշրջումից հետո Հայրենիքի փրկության ազգային խորհրդի կողմից նշանակված վարչապետ Ալի Լամին Զեյնի հետ:
Հեղաշրջումից հետո Նիամեյում ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Նիգերում իրավիճակն ապակայունացնում է Ֆրանսիան, որը ցանկանում է օգտագործել այդ երկրում տեղակայված իր զորախումբը։ Պաշտոնյան զգուշացրել է՝ հաշվի առնելով այդ փաստը՝ անվտանգության ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի, և հրահանգ է տրվել մոբիլիզացնել բնակչությանը:
Ավելի վաղ ապստամբները մեղադրել էին Ֆրանսիային նաև աֆրիկյան երկրի օդային տարածքը խախտելու համար։ Փարիզը հերքել է ներկայացվող մեղադրանքները:
Լրատվամիջոցները գրում են, որ իշխանության զավթումից և նախագահ Մոհամեդ Բազումի տապալումից հետո Արևմտյան Աֆրիկայում հակաֆրանսիական տրամադրություններին զուգահեռ ակտիվացել են ռուսամետ տրամադրությունները, ինչը, Reuters գործակալության պնդմամբ, մտահոգում է Արևմուտքին:
CNN-ը գրում է, որ 2 օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Նիգերում իշխանությունը զավթած ապստամբների հետ՝ բացատրելու, որ երկրի սահմանադրական կարգը չհարգելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Նիգերին տնտեսության և անվտանգության ոլորտներում: Կողմերին, սակայն, չի հաջողվել համաձայնության գալ: