Գործադիրը պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնում է 234,697.6 հազար դրամ, ՀՀ առողջապահության նախարարությանը՝ 30,000.0 հազար դրամ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ձեռք բերված առաջին անհրաժեշտության կենցաղային և հանրային սննդի նյութերի, ինչպես նաև դեղորայքի համար: Որոշման ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրված օգնության ծախսերի փոխհատուցմամբ: Ըստ հիմնավորման՝ արդեն 8 ամսից ավելի է՝ Ադրբեջանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ՝ կյանքի ճանապարհը, Լաչինի միջանցքը։
Չնայած Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերին՝ շրջափակումը կրում է տոտալ բնույթ և 120 000 բնակիչներ այսօր ունեն առաջին անհրաժեշտության սննդամթերքի կարիք: Վտանգված են երեխաների, ծերերի, հղի կանանց և այլ խոցելի խմբերի կյանքն ու առողջությունը: Հասունացած հումանիտար ճգնաժամը վտանգել է հազարավոր հայերի կյանքեր: Չի գործում հասարակական տրանսպորտը: Արդեն առկա են թերսնման հետևանքով փողոցում մարդկանց ուշագնացության դեպքեր:
Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին ընդունվել է նաև բանաձև, որի արդյունքում դեռևս հումանիտար իրավիճակը չի փոխվել: Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել է անհրաժեշտ կենցաղային և հանրային սննդի նյութերի, ինչպես նաև դեղորայքի ձեռքբերման և տրամադրման գործընթաց: