Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել և օժանդակել նոր` Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը և նպաստել Հայաստանում արբիտրաժի զարգացմանը։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանում ստեղծված արբիտրաժային նոր կենտրոնի գործունեությանը և կայացմանը աջակցելու նպատակով Եվրոպական միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի միջոցների հաշվին արբիտրաժային կենտրոնը կկարողանա`
- որպես մշտապես գործող արբիտրաժային հաստատություն հանդես գալու.
- միջազգային և լոկալ արբիտրաժային վարույթների իրականացումն ապահովելու՝ միջազգայնորեն ընդունված, անկախ, անկողմնակալ և արդյունավետ գործընթացների և մեխանիզմների միջոցով.
- վեճերի լուծման այլընտրանքային այլ մեխանիզմների, մասնավորապես` հաշտարարության ծառայությունների մատուցումն ապահովելու.
- կրթական և իրազեկման ծրագրերի միջոցով արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, տարածմանը և կիրառմանը, դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը նպաստելու:
Արդյունքում ակնկալվում է Հայաստանում ունենալ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային վեճերի լուծման արդյունավետ հարթակ, որը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի ճանաչվածությունն ու հեղինակությունը, կապահովի ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, այլև կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը և մի շարք մասնագիտացված ոլորտներում վեճերի մասնագիտացված լուծման հնարավորությունը: