Իսրայելցի մի խումբ նշանավոր ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ, րաբբիներ, արտիստներ, գործարարներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ խնդրելով նրան կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը:
Նրանք Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու համար ակնհայտ և իրական վտանգ ներկայացնող հումանիտար լուրջ ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգություն են հայտնել:
«Իսրայելի Պետությունը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի հետ՝ պետություն, որը պատասխանատու է այս ճգնաժամի համար և ունի այն լուծելու կարողություն: Այդ կապերը պարտավորեցնում են Իսրայելի Պետությանը հստակ դիրքորոշում որդեգրել, այլ ոչ թե անգործության մատնվել»,- նշված է նամակում: Նրանք հավելել են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի հետ ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է։
Նամակում ասվում է, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն բարելավվել են, ինչը մեծապես պայմանավորված է զգալի ռազմական աջակցությամբ, որն Իսրայելը ցուցաբերում է Ադրբեջանին, ինչն էլ որոշիչ գործոն է դարձել 2020 թվականի աշնանը ռազմական գործողություններում։
«Իսրայելի կողմից տրամադրված օգնությունը նշանակում է, որ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում՝ չմնալու կողմնակի դիտորդներ, ինչպես նաև դա մեզ տալիս է դրական ազդեցություն ունենալու կարևոր հնարավորություն: Մենք չենք կարող լռել, հատկապես հայ ժողովրդի հետ մեր պատմական ու բազմաշերտ կապի լույսի ներքո։ Ինչպես հրեաների պատմությունը, այնպես էլ հայերի պատմությունը կարող է վկայել քաղաքական արդարացումների մասին, որոնք օգտագործվում են թելից կախված կյանքերի առջև անգործությունն ու ապատիան արդարացնելու համար»,- ասված է նամակում:
Իսրայելցի գործիչները նախագահին խնդրել են՝ անձնական ուղերձով դիմել Ադրբեջանի գործընկերներին և նրանցից պահանջել անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը:
«Սա ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտությունում որևէ կողմ ընդունելու խնդրանք է, այլ պարզապես մարդասիրական կոչ՝ փրկելու վտանգի մեջ գտնվող կյանքեր և ապահովելու տեղաշարժի տարրական ազատություն և կյանքի համար բավարար պաշարներ»,- ասված է նամակում: