Չնայած նախարարության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ Հայաստանի ամբողջ տարածքում և մայրուղիների շուրջ կա ինտերնետ, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդպես չէ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստի ժամանակ ասաց վարչապետը՝ խոսքն ուղղելով ԲՏԱ նախարարին և փաստելով, որ ճանապարհին տասնյակ կիլոմետրերով ինտերնետ չկա:
Փաշինյանը նաև նշեց, որ հասկանում է՝ ճանապարհների ծանրաբեռնվածությունը մեծացել է, ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է, բայց, այդուամենայնիվ, դա խնդիր համարեց:
«Միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինի՞. սա նոնսենս է, աբսուրդ է, չի կարելի այսպիսի բան:
Մենք ասում ենք՝ լայնաշերտ ինտերնետ քաշենք հեռավոր գյուղեր, մեր ամենաբանուկ մայրուղիների վրա ինտերնետ չկա կամ էլ չեղածի հաշիվ է: Խոսքն այն մասին չէ՝ հեռախոսի էկրանին 3G կամ 4G գրվա՞ծ է, թե՞ չէ: Տեղեր կան՝ դա էլ գրված չէ: Մենք լիցենզիոն պայմաններ ունենք, չէ՞, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, թե իրենք ինչ պետք է ապահովեն»,- ասաց նա և հանձնարարեց զբաղվել խնդրով: