ՄԱԿ-ի երիտասարդության օրվան ընդառաջ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» կլոր-սեղան քննարկում ավագ դպրոցի սաների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում անցկացրել է «Խոսե՛նք բնությունից» բնապահպանական հանդիպումների շարք, որի նպատակն էր երիտասարդ սերնդին ծանոթացնել բնապահպանական տարբեր ուղղություններին՝ հնարավորություն ընձեռելով իրազեկվելու արդի խնդիրների մասին և ինչու ոչ՝ մասնակիցը դառնալու դրանց հնարավոր լուծումներին:
Այսօր հանդիպմանը մասնակցում էին նախագծի մասնակից 40 աշակերտներ։
«Մարդկությունը ամեն ինչում կախված է երիտասարդության անսահման էներգիայից, գաղափարներից և ներդրումներից։ Եկեք այսօր և ամեն օր աջակցենք երիտասարդներին և կանգնենք նրանց կողքին՝ կերտելու արդար և կայուն աշխարհ՝ հանուն մեզ և մեր բոլորի»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով է մեկնարկել հանդիպումը Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը, քանզի դրանք լավագույնս են ընդգծում օրվա խորհուրդը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս կարևորել է երիտասարդների դերն ու նշանակությունը բնապահպանական խնդիրների առաջադրման և դրանց լուծման համատեքստում։ Նախարարի տեղակալը խոսել է օրվա խորհրդից և ամփոփել նախորդիվ անցկացված բնապահպանական հանդիպումների ադյունքները․
«Երիտասարդներն են այն շարժիչ ու ամենակարող ուժը, որ իրենց հետ բերում են ստեղծագործական միտք, փոփոխություն ու զարգացում։ Շրջակա միջավայրի նախարարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ կապերին,որովհետև երիտասարդների գաղափարները և ներգրավվածությունը ոլորտի կայացման հարցում ապագա կայուն և զարգացած շրջակա միջավայր ունենալու հիմքն է»,- նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և հորդորել երիտասարդներին կարևորել գիտելիքը, լավ սովորել և լինել համարձակ ու նախաձեռնող։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչն իր ելույթում ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպությունը որպես միջազգային համագործակցության, գործողությունների ներդաշնակեցման և խնդիրների լուծման ինստիտուտ, ապա խոսել «Կայուն զարգացման օրակարգ 2030-ից և ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներից։
Տիկին Լիանա Ղահրամանյանը ներկաների հետ խոսել է Օզոնային շերտի մասին և ներկայացրել օզոնային շերտի պահպանությունը Կայուն զարգացման նպատակների համատեքստում, որին հաջորդել է խաղ-վիկտորինա, օրվա ընթացքում ձեռք բերված գիտելիքների շուրջ։
Հանդիպման ավարտին աշակերտներին են հանձնվել մասնակցության վկայականներ։