Կառավարությունը միջոցներ հատկացրեց Երևանի բուսաբանական այգում Կյանքի պուրակի հիմնման համար: Այդ մասին որոշումը հրապարակվեց Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց՝ 100 հեկտար տարածքից 32 հեկտարի վրա կտեղակայվի Կյանքի պուրակը, որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ:
«Իրականացվել է մրցութային գործընթաց: Ամբողջ աշխատանքների համար նախատեսված է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ տեղում կներդրվի նաև կաթիլային ոռոգման համակարգ, կլինեն հետիոտնային հաղորդակցության ուղիներ, ջեռուցման, էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր:
Անդրադառնալով նախագծին՝ ՀՀ վարչապետը պարզաբանեց. «44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք Հայաստանի Հանրապետության և Հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Եվ երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մի փոքր այլ կոնցեպտ պետք է դնենք այս ամեն ինչի հիմքում: Եվ որոշում կայացվեց: Նախ անվանը հանգեցինք, որ պետք է կոչվի Կյանքի պուրակ, որը հենց կընդգծի կյանքի տրամաբանությունը, և այն տրամաբանությունը, որ մենք ասել ենք, որ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և, հետևաբար, Կյանքի պուրակն այս տրամաբանությունն է ունենալու»:
Փաշինյանը նաև նկատեց, որ նախագծով նպատակ կա՝ վերակենդանացնելու Երևանի բուսաբանական այգին. «...Վերակենդանացնելու ծրագիր ենք սկսում, որովհետև մենք զարմանքով արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա: Պատկերացնո՞ւմ եք... Բուսաբանական այգին 100 հեկտար կա՛մ անապատացած է, կա՛մ անապատացման եզրին է»: