ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն: Այս մսին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են և կարևորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում:
Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման դեպքին, հետաքրքրվել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացի մանրամասներով՝ այս հարցում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:
Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը և ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու և նրանց ու նրանց ընտանիքների միջև կապի պահպանման առնչությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին և մարդասիրական խնդիրներին: