«Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին». այսպես է վերնագրել իր զեկույցը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն: 28 էջում մանրամասն հիմնավորել է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպան բնույթ ունեն, դրանք իրական սպառնալիքներ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայության ֆիզիկական գոյության համար:
Արա Ղազարյան (Միջազգային իրավունքի մասնագետ) - Կարմիր գիծը արդեն հատվել է, ոչ թե մոտեցել է, այլ հատել, և այս զեկույցի իմաստն այն է, որ պարտադիր չէ թրեր օգտագործվեն, որ ասեն` դա ցեղասպանություն է:
Քրեական իրավունքի մասնագետները արարքները գնահատում են օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով: Օբյեկտիվն այն է, որ չեն կիրառվում մեչետներ, ռմբակոծություններ, բայց սովամահության նախապատրաստություն է գնում, ինչը ցեղասպանության հատկանիշ է: Իսկ սուբյեկտիվության հատկանիշով՝ այսինքն` դիտավորություն է, թե չէ, հիմնական սլաքները ուղղվում են Ալիևի դեմ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հուլիսի 29-ին նամակ հղել Օկամպոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն էլ խոստացել էր վերլուծել ու եզրակացություն ներկայացնել.
«Սովն է այդ ցեղասպանության անտեսանելի զենքը: Առանց կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»:
Սովը՝ որպես մարդկանց ոչնչացնելու միջոց, 1915-ին կիրառվել է հայերի, 1939-ին՝ հրեաների և լեհերի, 1941-ին՝ Լենինգրադի բնակիչների, 1975-76 թվականներին՝ կամբոջացիների և 1993-94 թվականների ձմռանը` Սրեբրենիցայի բնակիչների նկատմամբ: Այսպես օրինակներով է Օկամպոն հիմնավորել իր եզրակացությունը: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի այս դիտարկումները վերջին օրերին մեջբերում են միջազգային մամուլը, քաղաքական գործիչներ, դիվանագետներ:
Արա Ղազարյան - Ալիևը չի էլ թաքցնում, արտահայտությունները բոլորը ցեղասպանության արարքներ են, ակնարկում է, որ եթե այսպես շարունակվի` Ալիևը դատվելու է, և միայն քրեական դատարանը կարող է դա անել:
«Արդյոք կարո՞ղ է Միջազգային քրեական դատարանը հետաքննություն սկսել Իլհամ Ալիևի նկատմամբ» հարցին՝ Օկամպոն պատասխանել է. «Ցեղասպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանություն կատարող անձինք պետք է պատժվեն, անգամ եթե նրանք սահմանադրական իշխանություն ունեցող կառավարիչներ են»։
Արա Ղազարյանի խոսքով՝ Ազգային ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում Հայաստանը կարող է դիմել Միջազգային քրեական դատարան՝ նախաքննություն սկսելու համար: Միևնույն ժամանակ չի բացառում՝ Ադրբեջանը հնարավոր է դիմի շահարկումների՝ պնդելով, թե դա դեմ է խաղաղ բանակցություններին:
Ղազարյանի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը միակն է, որի համար անգամ նախագահների անձեռնմխելիությունը խոչընդոտ չէ: Նա բերում է Միլոշևիչի, Քադաֆիի և Սուդանի նախագահ Ալ Բաշիրի օրինակները, որոնց նախկին դատախազը ևս անդրադարձել է իր զեկույցում:
Լուիս Մորենո Օկամպոն արձանագրել է նաև, որ Ցեղասպանության կոնվենցիան ճանաչած երկրները պարտավոր են կանխել ցեղասպանությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը միացել են այդ կոնվենցիային, հետևաբար, գերակշիռ մեծամասնություն են կազմում:
Ղազարյանը հավատացած է՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի զեկույցը, ավելի ու ավելի հասցեական դարձող միջազգային կոչերը, Կարմիր խաչի, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները կարող են ազդել իրավիճակի վրա: Նա հղում է կատարում զեկույցին:
Արա Ղազարյան - Այստեղ կա մի միտք, որ ԼՂ ներկա իրավիճակը կարող է փոխել կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքը, հայերը հիմա զոհի դերում են:
Այդ մասին են վկայում նաև Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն ավելի քան երկու շաբաթ կանգնած բեռնատարները: Բաքուն չի թույլատրում Լեռնային Ղարաբաղ տեղափոխել առաջին անհրաժեշտության պարենը, դեղորայքը և մանկական կերը:
Արա Ղազարյան - Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարում իրենց պարտավորությունները և ելնում են բացարձակապես իրենց քաղաքական շահերից, Ռուսաստանն էլ է դառնում մասնակից ցեղասպան գործողության:
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը զեկույցի ներածական մասում նշել է՝ իր համար պատիվ էր ստեղծված իրավիճակի վերաբերյալ անաչառ զեկույցի պատրաստումը։ Օկամպոն պատրաստակամություն է հայտնել օգնելու ցանկացած կողմի, որը ձգտում է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հայության ոչնչացմանը։
Հեղինակ` Իրինա Մկրտչյան