Երկինք սլացող այս հրթիռի հեղինակները 14-17 տարեկան հայ պատանիներն են: Տիեզերական ճամբարում՝ աստղագիտությամբ, հրթիռաշինությամբ, արբանյակաշինությամբ հետաքրքրված երիտասարդներին մի հարկի տակ է հավաքել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Ճամբարի հիմնական նպատակը՝ մեր պատանիներին ծանոթացնել ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Խոսքը արբանյակաշինության, ընդհանուր տիեզերական տեխնոլոգիաների մասին է: Դա, կարծում ենք, հետագայում կօգնի մասնագիտական կողմնորոշմանը:
Օգոստոսի 6-12-ը այս ճամբարում պատանիները մասնակցում են դասախոսությունների և գործնական աշխատանքների աստղագիտության, թվայնացման, արբանյակների կառուցվածքի վերաբերյալ. սա ուսումնասիրությունների համար նախատեսված երկար ցանկի ընդամենը մի մասն է։
Շուշանիկ Ասմարյան (ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի աշխարհատեղեկատվական համակարգի հեռազննման բաժնի ղեկավար, դասախոս) - Հեռազննումը ուղղակի մի նոր աշխարհ է երևույթներին նայելու, երևույթները ուսումնասիրելու: Մեծ երջանկություն է տեսնել, թե ինչքան խելացի սերունդ ունենք, ովքեր իրապես հետաքրքրված են:
Արդեն երրորդ տարին անցկացվող գիտակրթական ճամբարն այս տարի աննախադեպ էր դիմումների թվով։ Հայտ ներկայացրած 1029 պատանուց, թեստային առաջադրանքի արդյունքով, ընտրվել են առավելագույն միավորներ հավաքած 107-ը: Մասնակիցներ կան նաև Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից:
Մարիամ Սահակյան (ճամբարի մասնակից) - Եկել եմ Ջավախքի Դամալա գյուղից: Կարծում եմ՝ իմ հասակակիցների համար և բոլոր հայ երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են նորագույն տեխնոլոգիաներով, տիեզերական ճամբարը շատ մեծ հնարավորություն է բացում:
Անցած տարիներին՝ հրթիռաշինության, այս տարի՝ սեփական նախագծերի վրա է ճամբարի կենտրոնացումը:
Նաիրա Ղուլղազարյան (ճամբարի մասնակից) - Այս տարի իմ ծրագրում դրոնների նկարների միջոցով կարողացել ենք տարածքի 3դ պատկերը ստանալ, որի միջոցով կարողանում ենք տարբեր կոորդինատներ և առարկաների բարձրությունները ստանալ, ինչպես նաև հետո արհեստական բանականության միջոցով կարողացանք կլասիֆիկացիա անել ծառերի տեսակները:
Դասախոսությունններից, ոլորտային աշխատաժողովներից բացի՝ ճամբարականների համար անցկացվում են արշավներ, ազգային պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում, հանդիպումներ ու միջոցառումներ:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան