ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԲԱՅՐԱՄՈՎ-ՔԻՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Տարածաշրջանային իրավիճակը, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերը հեռախոսով քննարկել են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն ու Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը նշել է, թե իբր Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև «հումանիտար ճգնաժամի» և «շրջափակման» մասին հայտարարություններ տարածելով խոչընդոտում է խաղաղության գործընթացը։
Ավելի վաղ, Յուրի Քիմը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի հետ: Արարատ Միրզոյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական վատթարացումը սպառնում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված՝ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին:
ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ
Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որն Ադրբեջանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և բանակցային գործընթացին:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Երեք ժամ տևած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկրի սահմանային անվտանգությունը, Իրաքում և Սիրիայում զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմին: Ներկաները նաև համաձայնել են՝ հարկավոր է միասնական պայքար մղել աշխարհում հակաիսլամական դրսևորումների դեմ:
Նիստի ընթացքում Էրդողանը արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին պարգևատրել է «Պետությանը մատուցած ծառայությունների համար» բարձրագույն մեդալով: Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Էրդողանին, նշել՝
«Այս մեդալը նաև ինձ հետ Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ձեր հրամանները կյանքի կոչելիս նահատակված ընկերներիս անունից եմ ընդունում»:
ՄԻԼԼԵՐԸ ԲԱՔՎԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները՝ երկրի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:
Նա նաև հորդորել է պաշտպանել ադրբեջանցի գիտնական Գուբադ Իբադօղլուի իրավունքները, որին, ըստ մի շարք լրատվականների, շինծու մեղադրանքներ են առաջադրել և իրականում ձերբակալել իշխանություններին քննադատելու համար: