Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի հափշտակության գործով ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանը, որը տևել է մոտ 15 րոպե: Ամբաստանյալը ճիշտ է համարել, որ նախկին գյուղնախարարը դիզվառելիքի մատակարարման ծրագրի հաղթող է համարել «Ֆլեշ» ընկերությանը: Հավելել, որ Սերգո Կարապետյանը զրպարտել է իրեն, և որ ուրախ չէ նրան պաշտպանելու համար:
Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - Ես առանձնապես ասելիք չունեմ։
Դատարանում այսպես սկսեց իր ցուցմունքը Սերժ Սարգսյանը դիզվառելիքի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով: Ի դեպ, առաջին անգամ է, երբ դատարանում ցուցմունք է տալիս նախագահ:
Սերժ Սարգսյան - Դատաքննության ողջ ընթացքը ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ, և ոչ թե հիմա:
Խոսքը գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի մատակարարի ընտրության մասին է:
Սերժ Սարգսյան - Այդ ծրագիրը կարող էին իրականացնել 2 ընկերություն, և նա ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել:
Ըստ մեղադրանքի, սակայն, ավելի ցածր գին առաջարկել էր «Մաքսհուր» ընկերությունը, բայց հաղթող է ճանաչվել «Ֆլեշը»: Դրա մասին տեղյակ է եղել Սերժ Սարգսյանը և մեղադրանքի համաձայն՝ գիտակցել, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու է առանձնապես խոշոր չափի գումար:
Սերժ Սարգսյան - Ես, անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է։ Եվ կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որ այդպիսի ցուցմունք տա: Էդքան բան: Ես ուրիշ ասելիք չունեմ:
Դատախազը խնդրեց պարզաբանել, թե ինչ հիմքով է նա օգտագործում «բոլորի համար պարզ է» արտահայտությունը։ Սարգսյանն ասաց՝ նման եզրահանգման է եկել դատաքննության արդյունքներով։
Սերժ Սարգսյան - Երբ այն ընկերությունները, որոնք մասնակցելու ցանկություն են հայտնել, այս ամբիոնից ասում էին, որ իրենք ի վիճակի չէին 2 ամսվա ընթացքում 17 հազար տոննա դիզվառելիք ներկրել Հայաստանի Հանրապետություն, ու նաև վերաբաշխել ամբողջ հանրապետությունով, որևէ մեկը չի ասել, որ ինքը ի վիճակի էր դա անելու: Արդյոք դա բավարար չէ՞, որ ես այդպիսի եզրակացության գամ:
Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանի հարցին՝ ինչ հարաբերություն ունի Բարսեղ Բեգլարյանի հետ, Սերժ Սարգսյանն ասաց՝ հարցը հռետորական է:
Սերժ Սարգսյան - Որովհետև նախաքննության ժամանակ ես ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյաին ճանաչում եմ 1971 թվականից, և այդ թվականից սկսկած մենք ընկերներ ենք:
Սերգո Կարապետյանի հետ հարաբերություններն էլ Սարգսյանն աշխատանքային որակեց: «Կարապետյանին դիզվառելիքի ձեռքբերման վերաբերյալ հանձնարարություն արդյոք տվե՞լ է» հարցին Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց: Ամբաստանյալը նաև ասաց, որ այդ ծրագրի մասին զեկուցելիս Կարապետյանը իրեն չի հայտնել, որ մասնակցելու ցանկություն ունի նաև «Ֆլեշ» ընկերությունը:
Սերժ Սարգսյան - Նա ինձ ասել է հետևյալը, որքանով հիշում եմ. ում վստահել ծրագրի իրականացումը: Ես նրան նույնն եմ ասել, ասել եմ, որ ծրագիրը պետք է իրականացվի ժամանակին և որակով:
Սերժ Սարգսյանը ցուցմունք տալիս նշեց՝ ծրագրի իրականացման կարզմակերպման հետ կապված առանձին հանդիպում նախկին նախարարի հետ չի ունեցել: Դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց Սերգո Կարապետյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքից հատված, ըստ որի՝ Բարսեղ Բեգլարյանն ասել է՝ կարող է գինը իջեցնել ու միաժամանակ հավելել՝ պայմանավորվել է նախագահի հետ, որպեսզի կազմակերպի ներկրումը, նախագահն էլ ասել է՝ տվեք թող Բարսեղը կազմակերպի։ Դատավորի հարցին ի պատասխան՝ ինչու պետք է Կարապետյանը այդպիսի ցուցունք տար, Սերժ Սարգսյանն ասաց, թե չի ուզում ենթադրություներ անել:
Սերժ Սարգսյան - Դատարանը թող ինքը ենթադրություններ անի, թե ինչու Սերգո Կարապետյանը այդպիսի ցուցմունք տվել է ո՛չ առաջին և ո՛չ երկրորդ հարցաքննության ժամանակ:
Սերժ Սարգսյանի ցուցմունքն ու ապացույցների հետազոտումն ավարտվեց: Այս գործով, Սարգսյանից բացի, մեղադրյալ են «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը: Նախկին նախարար Սերգո Կարապետյանի ու փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան