Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան 500 օր: Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինայի տարածքը լքել է 9 միլիոն քաղաքացի, նրանցից շուրջ 2 միլիոնն է վերադարձել: Ավելի քան վեց միլիոն ուկրաինացի դեռ արտերկրում է: Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով՝ յուրաքանչյուր 100 հազար քաղաքացու՝ երկիրը լքելու հետևանքով՝ Ուկրաինայի ՀՆԱ-ն նվազում է կես տոկոսով:
Ուկրաինական ուժերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվան՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալով՝ անօդաչուներ են արձակվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ: Ռուսական կողմն ընդհանուր առմամբ 13 անօդաչու թռչող սարք է խոցել:
«Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երեկ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ ռուսական կողմը դեպի Մոսկվա արձակված երկու մարտական ԱԹՍ է խոցել:
Ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեի բնակելի թաղամասերից մեկին, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ՝ հայտնել է տեղական իշխանությունը՝ կատարվածը որակելով ահաբեկչություն: Նշվում է, որ ռուսական ուժերը 1 օրվա ընթացքում 82 հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի 21 բնակավայրի։
Ուկրաինական կողմը հայտնել է, որ զանգվածային հարձակման է ենթարկվել նաև Դուբնոյի շրջանը, ինչի հետևանքով նավթի պահեստ է ոչնչացվել: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Էկվադորում նախընտրական հանրահավաքից հետո անհայտ անձինք սպանել են նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին: Տեղեկությունը հաստատել է Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն: Associated Press-ը հայտնել է, որ կասկածյալներից մեկը մահացել է փոխհրաձգության ժամանակ, ևս 6 կասկածյալ բերման է ենթարկվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տուժածներ: Սպանության վայրից քիչ հեռու ոստիկանները պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Իրավապահները տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն են որակել։
Էկվադորի նախագահի չորս թեկնածուները հայտարարել են նախընտրական քարոզարշավը դադարեցնելու մասին:
Լրատվականները գրում են, որ թեկնածուի սպանությունից հետո Վիլյավիսենսիոյի նախընտրական գրասենյակները ևս ենթարկվել են զինված հարձակման: Ըստ ԶԼՄ-ների՝ մահափորձից մի քանի շաբաթ առաջ Վիլյավիսենսիոն սպառնալիքներ է ստացել:
Նիգերի ապստամբների առաջնորդ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուրահման Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կառավարության կազմում ընդգրկվել է 20 նախարար՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նիգերի ապստամբների առաջնորդը նաև հանդիպել է պետական հեղաշրջումից հետո Հայրենիքի փրկության ազգային խորհրդի կողմից նշանակված վարչապետ Ալի Լամին Զեյնի հետ:
Հեղաշրջումից հետո Նիամեյում ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Նիգերում իրավիճակն ապակայունացնում է Ֆրանսիան, որը ցանկանում է օգտագործել այդ երկրում տեղակայված իր զորախումբը։ Պաշտոնյան զգուշացրել է՝ հաշվի առնելով այդ փաստը՝ անվտանգության ուժերը բերվել են պատրաստության բարձր մակարդակի և հրահանգ է տրվել մոբիլիզացնել բնակչությանը:
Ավելի վաղ ապստամբները մեղադրել էին Ֆրանսիային նաև աֆրիկյան երկրի օդային տարածքը խախտելու համար։ Փարիզը հերքել է ներկայացվող մեղադրանքները:
Լրատվամիջոցները գրում են, որ իշխանության զավթումից և նախագահ Մոհամեդ Բազումի տապալումից հետո Արևմտյան Աֆրիկայում հակաֆրանսիական տրամադրություններին զուգահեռ ակտիվացել են ռուսամետ տրամադրությունները, ինչը, Reuters գործակալության պնդմամբ, մտահոգում է Արևմուտքին:
CNN-ը գրում է, որ 2 օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Նիգերում իշխանությունը զավթած ապստամբների հետ՝ բացատրելու, որ երկրի սահմանադրական կարգը չհարգելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Նիգերին տնտեսության և անվտանգության ոլորտներում: Կողմերին, սակայն, չի հաջողվել համաձայնության գալ: