Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը միջազգային հեղինակավոր լրատվականների ուշադրության կենտրոնում են:
Associated Press-ն անդրադարձել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» վերտառությամբ զեկույցին, որի համաձայն՝ Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ:
Հոդվածում անդրադարձ կա նաև Հայաստանի կողմից ԼՂ ուղարկված հումանիտար բեռներին, որոնք արդեն ավելի քան երկու շաբաթ գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում:
Հայաստանի կառավարության՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը Associated Press-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հումանիտար բեռները ԼՂ տեղափոխելու հետ կապված մինչ այժմ Ադրբեջանից պատասխան չի ստացվել: «Ադրբեջանական կողմը ստեղծված իրավիճակը շահարկելու բազմաթիվ փորձեր է անում»,- մտահոգություն է հայտնել Սարգսյանը։
Associated Press-ը գրում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս հայտարարել է, որ շրջափակման հետևանքով չի կարողանում հումանիտար բեռներ հասցնել Լեռնային Ղարաբաղ։
Ամերիկյան Forbes-ն էլ հիշեցնում է, որ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակի մասին։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակաս է զգում, տուժել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, վտանգված է հատկապես երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, հղիների և առողջական խնդիրներ ունեցող անձանց կյանքը»:
Forbes-ը գրում է՝ Լաչինի միջանցը շրջափակված է արդեն 8 ամիս, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել այս աղետալի իրավիճակը կարգավորելու կոչերը, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները:
«Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, նման իրավիճակում միջազգային հանրությունը չի կարող աչք փակել, ինչպես դա արել է վերջին ութ ամսվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը օգնության կարիք ունի՝ առանց ավելորդ արդարացումների»։
Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Forbes-ի և Associated Press-ի հրապարակումները կողմնակալ է որակել: Նրա խոսքով՝ դրանք հայամետ են և, իբր, խեղաթյուրում են իրականությունը:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակին են անդրադարձել նաև մի շարք այլ պարբերականներ, այդ թվում՝ ամերիկյան Jacobin-ը, իտալական La Stampa-ն, ինչպես նաև Ավստրիայի հանրային հեռուստաընկերությունը:
Ըստ «Jacobin» քաղաքական ամսագրի՝ Արևմուտքը բավարար ուշադրություն չի դարձնում ադրբեջանական ագրեսիային և պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Բաքուն կարևոր գործընկեր է Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
«Արևմուտքի լռությունը և Իսրայելի աջակցությունը Ադրբեջանին հնարավորություն են տալիս մաքրել Լեռնային Ղարաբաղը հայերից: Արևմուտքը, որը Ռուսաստանի դեպքում առաջնորդվում է միջազգային իրավունքով, Հայաստանի հարցում միայն չափավոր անհանգստություն է ցուցաբերում»:
Ըստ լրատվականի՝ Հայաստանի կողքին չկանգնեց նաև ՀԱՊԿ-ը, մասնավորապես՝ Ռուսաստանը: «Իսկ Հայաստանի պահանջները շատ պարզ են՝ հարգանք իր ինքնիշխանության և Արցախի ժողովրդի իրավունքների նկատմամբ: Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն առաջին քայլն է դեպի խաղաղություն»,- ասված է հոդվածում:
Ստեղծված ճգնաժամը New Eastern Europe-ում հրապարակված հոդվածում մեկնաբանել է ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ Բահրուզ Սամադովը: Նա նշել է, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում շատերը մտածեցին, թե երկիրը կկենտրոնանա մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդման վրա, սակայն հետպատերազմյան իրականությունը շատ ավելի դաժան էր: Նրա խոսքով՝ ամրապնդվեց միայն քաղաքական դաշտի նկատմամբ վերահսկողությունը:
Ըստ հեղինակի՝ քանի որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության և միջազգային ճնշումների պատճառով հնարավոր չէ նոր պատերազմ սկսել՝ Ադրբեջանը գործի է դրել իր ողջ գործիքակազմը՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին վախի մթնոլորտում պահելու և ֆիզիկական տառապանք պատճառելու համար։
Սամադովը հավելում է՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության անմարդկային տրամաբանության անքակտելի մասն է։