Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրությունների անցկացման համար 475 տեղամաս ձևավորվել են, իրականացվել է ընտրական հանձնաժողովների ղեկավարների ու քարտուղարների պաշտոնների բաշխում, որն օրենքով սահմանված կարգով կատարվել է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ մանդատների համամասնությամբ: Օգոստոսի 10-ին ԿԸՀ-ն ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին՝ Հայաստանի եվրոպական կուսակցության հայտը:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Առաջադրումները, սովորույթի համաձայն, տեղի է ունենում հիմնական մասը՝ վերջին օրը: Պատճառը պրագմատիկ է: Մինչև վերջին օրը կուսակցությունները փաստաթղթերն են ճշգրտում, սպասում են՝ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնում են:
Հովակիմյանի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի վերջին օրերին՝ օգոստոսի 12-ին, 13-ին: ԿԸՀ-ն ավելի վաղ հայտարարել էր՝ արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն՝ գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին: Կլինե՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք այդ պատճառով դուրս կմնան ընտրական գործընթացից: Կանոնադրությունն օրենքին համապատասխանեցնելու մասին ԿԸՀ-ն բոլորին իրազեկել է:
Վահագն Հովակիմյան - Այն քաղաքական ուժերը, որոնք, լրագրողների փոխանցմամբ, հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին՝ մինչև օգոստոսի 13-ը արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի:
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ԿԸՀ նախագահ նշանակվելուց, նոր հանձնաժողովի ձևավորումից հետո կառույցը գործում է լիարժեք կոլեգիալության սկզբունքով: ԿԸՀ բոլոր անդամներն ունեն սահմանադրական պարտականություններ, և որևէ մեկը՝ սկսած ԿԸՀ նախագահից, չի կարող սահմանափակել նրանց լիազորությունները: Ինչ վերաբերում է պաշտոնական լիազորությունները քարոզչության համար օգտագործելու մասին հարցին. ըստ Հովակիմյանի, ԿԸՀ-ն վարչական վարույթ է իրականացնում միայն փաստերի պարագայում: Ըստ ԿԸՀ նախագահի, առանց փաստերի վարչական վարույթ իրականացնելը կարող է դիտվել այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ հակաքարոզչություն:
Վահագն Հովակիմյան - Մինչ քարոզարշավը քաղաքական ուժերն ազատ են իրենց տիրապետած ռեսուրսով, ցանկալի ձևով իրականացնել քարոզչություն, սահմանափակումները գործում են քարոզարշավի ժամանակ՝ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը կգործեն սահմանափակումները:
Առաջիկա ընտրություններում, եթե արձանագրվեն թերություններ ու խնդիրներ, դրանք, ըստ ԿԸՀ նախագահի, կգույքագրվեն, և չի բացառվում՝ դրանց լուծումներն առաջարկվեն ներառել ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ այս պահին քննարկվող նախագծում: Հուլիսի սկզբին օրենսդրական փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:
Վահագն Հովակիմյան - Սեպտեմբերին արդեն Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների այցեր, քննարկումներ կլինեն, ակնկալվում է, որ հոկտեմբերի սկզբին կարծիքը կլինի: Խնդիրները, որ արձանագրվել են, փորձ է արվում, լուծել:
Ակնկալվում է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը մինչև տարեվերջ կմտնի խորհրդարանական օրակարգ: