Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչը «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակցի հետ է զայրացած զրուցում, իրենց մոտ է հրավիրում՝ տեղում ստանալու պարզ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ ջուր չունեն։ Գյուղամիջի ցայտաղբյուրը, որ կառուցել են գլխավոր ջրատարին շատ մոտ՝ ակնկալիքով, որ ամենաթույլ հոսքի ժամանակ անգամ չցամաքի, արդեն 3 ամիս չորացել է։ Բայց հեռախոսազրույցը չէր ավարտվել, ցայտաղբյուրից ջուր եկավ։
Խորոնքի բնակչության մոտ 70 տոկոսը ամռանը խմելու ջուր չի ունենում։ Գյուղացիներն այդ խնդրով պարբերաբար դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, արդյունք չի եղել։ Իսկ այն թաղամասերում, որտեղ թույլ հոսքով, բայց երբեմն ջուր լինում է, վթարներն են հաճախակի։
Հովհաննես Տերտերյան (Խորոնքի բնակիչ) - Վթարի դեպքում գալիս են՝ ռեզինով կապում: Դա ապահով է, կամ այդտեղ լիճ է գոյանում, ցերեկը, որ ջուր չի լինում, դա հետ է լցվում մագիստրալ ու գալիս մեզ։
Լույսը բացվելուն պես մարդիկ մտածում են տարբեր տեղերից ջուր կրելու մասին։ Ամառվա տապին պահանջարկը մեծացել է, ծորակները՝ ժանգոտել։
Նորիկ Գևորգյան (Խորոնքի բնակիչ) - Աթարբեկյանից, Էջմիածնից ենք շշերով բերում... Եթե մեքենայով տնից դուրս ենք գալիս, մեր կանեստրները պետք է հետներս լինեն։
Խորոնքցիների ջրի խնդիրն ավելի սրվեց, երբ դատարկվեցին ջրհորները։ Ստորգետնյա ջուրը այլընտրանք էր ծորակի քաղցրահամին։ Հիմա ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը։ Նույնիսկ կենցաղը կազմակերպելն է դարձել գլխացավանք։
Վանիկ Ամիրյան (բնակիչ) - Խմելու ջուր չունենալու ժամանակ հորի ջուրն ենք օգտագործել, դա էլ է ցամաքել։
«Վեոլիա ջուր» ընկերության Արմավիրի տեղամասում ջրի պակասի երկու պատճառ նշեցին։ Նախ՝ մատակարար ցանցը հին ու մաշված է, ինչի հետևանքով մեծ կորուստ կա. մյուսն էլ այն է, որ բնակիչները ջուր եղած ժամանակ այն խնայողաբար չեն օգտագործում։
Արտյոմ Խաչատուրյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ Արմավիր տեղամասի համակարգող) - Ջուրը օգտագործում են ոռոգման նպատակով։ Անձրևի պակասի պատճառով հորերը չորացել են։
Վանիկ Ամիրյան - Խի՞ են սուտ խոսում՝ թե այգի ենք ջրում, հնարավո՞ր է էս չափի տրուբով ոռոգում անենք։
Հաշվիչով չեն ջրի, 20 հազար կտան ջուր կանե՞ն. ոչ մեկին ձեռք չի տա։
Խորոնքը խմելու ջուրը ստանում է Շահումյանի ջրամբարից, որից սնվում է ևս 10 գյուղ։ Նախկինում գյուղը 4 բակային ծորակ է ունեցել։ 2009 թվականին նախկին օպերատորը, իսկ հետո՝ «Վեոլիա ջուրը» մատակարար ցանց է կառուցել ավելի քան 400 բաժանորդի համար, բայց գյուղը սնող՝ մոտ 5 կմ երկարությամբ խողովակաշարը չի փոխել, ինչի պատճառով բոլոր բաժանորդներին լիարժեք ջրով ապահովելը տեխնիկապես անհնար է դարձել։
Արտյոմ Խաչատուրյան - Նախատեսել ենք դա փոխել, որ ջրաքանակն ավելանա: Ցանցը ավելացել է, բայց գյուղը սնուցող ջրատարը չի ընդլայնվել։
«Վեոլիա ջրից» հայտնեցին, որ Խորոնքի ջրամատակարարման հին գծերը շահագործումից կհանեն և նորը կկառուցեն։ Նաև սահմանազատման կետերում դիտահորեր կտեղադրեն, որ կանխեն ապօրինություններն ու տեխնիկական կորուստը։ Իսկ թե երբ՝ ժամկետը հստակ չէ։ Ընկերությունը համակարգի արդիականացման մի առաջարկ էլ Կառավարությանն է ներկայացրել։
Արտյոմ Խաչատուրյան - Երկու գյուղի ցանց պետք է հիմնանորոգվի, որի արդյունքում ավելի ջրաքանակը կուղղվի հարակից գյուղերին, այդ թվում՝ Խորոնքին։
Նախագիծը հաստատվել է, հայտնի է նաև մրցույթը շահած կապալառու ընկերության անունը, սակայն թե երբ կմեկնարկի շինաշխատանքը՝ դեռ հայտնի չէ։