«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող փոքրիկներին նվիրել 1900 դպրոցական պայուսակ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ԿԳՄՍՆ-ից:
Պայուսակները կարվելու են հենց Լեռնային Ղարաբաղում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։
«Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ առաջինցիներին նվիրելու համար։
ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։
«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- նշված է հաղորդագրության մեջ։