ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից:
«Նախարար Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքների կապակցությամբ, մասնավորապես՝ խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների համար: Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ նա վերահաստատել է կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը՝ որպես կայուն լուծումների ուղի՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության:
ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին ընդգծել է, որ մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները պետք է գերակշռեն: Նա առաջարկել է իր գրասենյակները, ծառայություններն ու ԵԱՀԿ-ի գործիքները և վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման լուծումների բաղկացուցիչ մաս:
Հիշեցնելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումների և երկու մայրաքաղաքներ կատարած այցերի մասին՝ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին պատրաստակամություն է հայտնել շարունակել կողմերի հետ իր անձնական և ակտիվ փոխգործակցությունը: Այդ համատեքստում նա կրկնել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը՝ կայուն և խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: