ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը շաբաթվա վերջին կհանդիպի հաջակցություն Լեռնային Ղարաբաղի բողոքի ցույցեր անող ամերիկահայերին: Կոնգրեսականը համաձայնել է խոսել նրանց հետ` այն բանից հետո, երբ գիշերը փողոցներ էին փակել Կալիֆոռնիայի նահանգի Բրբանք ու Գլենդել քաղաքներում: Թե հանդիպումը որտեղ ու ինչ ձևաչափով կլինի, դեռ հստակ չէ:
Դավիթ Մնացականյան (ԱՄՆ-ում բողոքի ցույցերի մասնակից) - Ներկա վիճակում նախատեսված է ուրբաթ օրը, մնացածի մասին մենք կտեղեկացնենք ավելի հստակ ինֆորմացիա ունենալուց հետո:
Ամերիկահայերը բողոքի ցույցեր են սկսել օրեր առաջ՝ ուշադրություն հրավիրելու Լաչինի միջանցքը փակ լինելու պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա: Դեմոկրատ կոնգրեսականին նախ նամակով են դիմել: Պատասխանը նրանց չի գոհացրել: Ցուցարարներն ակնկալում են, որ ԱՄՆ կոնգրեսականի խոսքին կհետևի գործը:
Դավիթ Մնացականյան - Մեր պահանջը բավական հստակ է` որ պարտավորություն վերցնի մինչև սեպտեմբերի 15-ը գալ Հայաստան, այնուհետև Արցախ, անձնապես տեսնի իրավիճակը, հասկանա իրադրությունը և օգնի ԱՄՆ վերնախավի հետ միասին ներգրավվելու, որպեսզի օգնությունը հասնի Արցախի ժողովրդին:
Արդի Քասախյան (Գլենդելի քաղաքապետ) - Որևէ կարևոր պայքար հեշտ ճանապարհով չի գնում առաջ, ճանապարհը դժվար է, երկար է տևում: Այսօր ես տեսա` ինչպես է ճանապարհը փակվել Գլենդելում, հենց Գլենդելի սրտում, և մտածում էի՝ գուցե մարդիկ ինչ դժվարություններ են ունենում հասնելու իրենց տուն կամ գործի, նույն ժամանակ մտածում էի, թե մեր հայրենակիցները Արցախում ինչեր են անցել 200 օրից ավելի՝ սպասելով, որ երկրի ուժերը, որ միշտ խոստանում են կանգնել հայի հետ, իրենց խոսքին տեր կանգնեն: Մեր նպատակը նաև այն է, որ Գլենդելի կողմից, քանի որ ունենք Մարտունի քաղաքն` իբրև Քույր քաղաք, օգնություն հասցնենք, և հուսամ` կիրականացնենք մի քանի օրվա մեջ:
Ցուցարարները բողոքի ցույցը սկսել են Բրբանքում՝ Ադամ Շիֆի գրասենյակի մոտ, նստացույց արել նրա տան մոտ, ավտոերթով շարժվել Գլենդել: Այդ ընթացքում մոտ 4 ժամ կաթվածահար է եղել կենտրոնական փողոցների երթևեկությունը:
Դավիթ Մնացականյան - Փողոցներով քայլել ենք, լուսաբանել ենք, իրազեկել ենք հանրությանը, բարձրաձայնել ենք Արցախի պահանջը, որը ազգային ինքնորոշման իրավունքն է:
Ադամ Շիֆի հետ հանդիպելու համաձայնությունը ստանալուց հետո էլ ցուցարարները որոշել են մինչև այդ, ամեն դեպքում, մնալ նրա գրասենյակի մոտ:
Օգոստոսի 8-ին Facebook-ում Ադամ Շիֆը գրել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման օրից Կոնգրեսի իր գործընկերների հետ կոչ են արել Սպիտակ տանը, պետքարտուղարությանը և Միջազգային զարգացման գործակալությանը միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Կոնգրեսականը հավելել է, որ նաև կոչ է արել նախագահ Բայդենին անհապաղ քայլեր ձեռնարկել ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար:
Շիֆի կարծիքով՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր բոլոր գործիքները, այդ թվում՝ ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնության դադարեցումը և ճգնաժամի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
Հեղինակ` Աննա Զախարյան