ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 14-րդ նիստը:
Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից մեկը եղել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ս. Համբարձումյան N 35 հասցեում (պետ. ցուցիչ՝ 7.1.4.913, հանրապետական նշանակության) քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահի վերակառուցման և ադապտացիայի էսքիզային նախագիծը: Այն իրականացվում է քանդակագործի ժառանգների ջանքերով և որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:
Նիստում քննարկվել են նաև բարերարների կողմից պատվիրված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.29.8, հանրապետական նշանակության) տանիքի վնասված հատվածների վերանորոգման էսքիզային նախագիծը և ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 7.2.9, հանրապետական նշանակության)՝ 2012 թ. հաստատված նախագծի լրամշակված տարբերակը (կոնստրուկտորական մաս): Միաձայն քվեարկությամբ նախագծերը ստացել են խորհրդի դրական եզրակացությունը:
ՀՀ Արարատի մարզի Արարատ բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.15.4, տեղական նշանակության) տարածքի բարեկարգման, գրատան կառուցման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության: ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղի (պետ. ցուցիչ՝ 8.5.2, հանրապետական նշանակության) ենթակառուցվածքների վերականգնում ենթածրագրով նախատեսված միջոցառումների աշխատանքային նախագիծը, խորհրդի անդամների դիտողություններով և առաջարկություններով, ուղարկվել է լրամշակման: