Իրանական գազը հայկական էլեկտրաէներգիայով կփոխանակվի մինչև 2030թ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ստորագրվեց պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը:
Իրանի նավթի փոխնախարարը, այդ երկրի գազի ազգային ընկերության տնօրենն ու Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի տնօրենն են գործարքի կողմերը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Պետք է ուրախությամբ փաստել, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները բավական լավ տեմպերով զարգանում են: Մեր նախարարությունը նույնպես բավական մեծ մասնաբաժին ունի տարբեր ոլորտներում իրանական ընկերությունների հետ համագործակցության առումով: Պետք է նաև նշել, որ գազ-էլեկտրաէներգիա համագործակցության այս ուղղությունը մեր առանցքային ուղղություններից մեկն է, նաև բավական հաջողված ուղղություն է փոխադարձ կարիքները համալրելու առումով:
Հայ-իրանական գործակցության տնտեսական արդյունքները զգում են երկու երկրում էլ: Մաջիտ Չեգենի խոսքով՝ երկկողմ նման հարաբերություններն օրինակելի են:
Մաջիտ Չեգենի (ԻԻՀ նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն) - Երկար տարիներ էներգետիկայի ոլորտում հաջող գործակցում ենք, հատկապես գազ-էլեկտրաէներգիայի ուղղությամբ: Այս փաստաթղթի ստորագրմամբ ուզում ենք ավելի խորացնել գործակցությունը: Եվ ժամկետն ենք երկարաձգել, և ավելացրել ծավալները: Այս փաստաթուղթը կարող է բազմաթիվ ոլորտներում զարգացման խթան դառնալ:
Պայմանագրի երկարաձգումը ՀՀ վարչապետի` Իրան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է: «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման համաձայնագիրը գործում է դեռևս 2006-ից, ավարտը նախատեսված էր 2026թ: Կողմերը երկար ժամանակ բանակցում էին ժամկետի և ծավալների փոփոխության շուրջ:
Հակոբ Վարդանյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Ըստ նոր համաձայնագրի՝ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման գործարքի նոր ժամկետ սահմանվեց 2030թ, սակայն շարունակականության հնարավորությամբ, ինչպես նաև ծավալների փոփոխության, գործող ծավալները ավելացնելու հնարավորություն տրվեց: Այսինքն՝ եթե կլինի ավել գազ վերցնելու և էլեկտրաէներգիա առաքելու հնարավորություն, ապա կունենանք այդ հնարավորությունը:
Ծավալները սահմանվել են այս պահին մեր էլեկտրահաղորդման գծերի առավելագույն թողունակության չափով:
Հակոբ Վարդանյան - Մենք վերցնում ենք գազ, որի դիմաց վճարում ենք էլեկտրաէներգիայով, սա մեզ տալիս է սակագների մեղմման հնարավորություն, այսինքն՝ ստեղծում է լրացուցիչ եկամուտ, որն օգտագործվում է սպառողի վերջնական սակագներում: Մեր կողմից գործարքի կողմը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն է, որը ստանում է լրացուցիչ եկամուտներ այդ գործարքի արդյունքում, և դրանք ներառվում են որպես եկամուտ իր կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագներում, այսինքն` եթե պայմանական սակագին պետք լինի 30դր, դառնում է 15 դր:
Շարունակվում է Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որն, ամենայն հավանականությամբ, կավարտվի հաջորդ տարի: Դրա կառուցումը գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների մեծացման և եկամուտների ավելացման հնարավորություն կտա: