ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ղեկավարների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Նախարարն անդրադարձել է ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, թերություններին, կատարվող աշխատանքների որակին։
Նախարարը դժգոհել է ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման որակից՝ մատնանշելով բազմաթիվ թերություններ՝ կապված ճանապարհների կահավորանքի, ճանապարհային նշանների բացակայության, փոսալցման աշխատանքների, գծանշումների, ճանապարհների եզրերի սպասարկման և այլ խնդիրների հետ։
Նախարարը նկատել է, որ մինչ օրս սպասարկող կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները լուծումներ են ստացել և՛ նախարարության, և՛ «Ճանապարհային դեպարտամենտի» կողմից, և ներկայում սպասարկման աշխատանքները պատշաճ կատարելու համար որևէ խանգարող հանգամանք չկա։
Նախարար Սանոսյանը պահանջել է պատշաճ ուշադրություն դարձնել բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով՝ հակառակ դեպքում կլինի շատ խիստ վերաբերմունք՝ կկիրառվեն տույժ-տուգանքներ, ընդհուպ կխզվեն ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։
Սպասարկող կազմակերպությունները հավաստիացրել են՝ թերությունները հրատապ կարգով կշտկվեն, իսկ առաջիկայում դրանց կրկնությունը կբացառվի։