Գույքային առավելության տեսքով՝ որպես կաշառք, ստացել է 150 միլիոն դրամ. Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի նոր մեղադրանքն է: Նախկին պաշտոնյան անցնում է «Սանիտեկի» աղմկահարույց գործով: Նիկոյանը ընկերության պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափի գույքային օգուտ ստանալու առաջարկը: Վարույթով հիմնավորվել է, որ Նիկոյանի հայրը Երևանում գտնվող, իրեն պատկանող 3 հողատարածք վարձակալությամբ հանձնել է «Սանիտեկ» ընկերությանը:
Էդգար Արսենյան (ԳԴ ՀԿ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ) - Հատկանշական է, որ մինչ այդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով` պարզված վարձավճարի չափը և «Սանիտեկ» ընկերության կողմից վճարված վարձավճարի չափը մոտ 30-ից 40 անգամ ավելի է:
Ըստ դատախազի` հոր՝ Համլետ Նիկոյանի անվամբ գրանցված գույքը վարձակալությամբ այդ ընկերությանը հանձնվել է 2015 թվականին` մինչև այդ պահը տրված վարձակալության չափն անհամեմատ գերազանցող՝ մոտ 440 միլիոն դրամով:
Էդգար Արսենյան - Երեք տարածքների համար առանձին ընդհանուր հաշվարկով 2019 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ որ լուծվել է պայմանագիրը ընկերությունների միջև, Վահե Նիկոյանի հորը որպես գույքային առավելություն վճարված կաշառքի առարկա հանդիսացող գումարի չափը կազմել է 141 մլն 273 հազար դրամ:
6 տարի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոյանը մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երևանի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում Նիկոյանը, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ, մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար, արդյունքում հաղթել է «Սանիտեկը», բայց, վարչության պետ Էդգար Արսենյանի խոսքով, խախտումներով:
Էդգար Արսենյան - «Սանիտեկ» ընկերության կողմից պետք է ներկայացվեր համապատասխան ավտոմեքենաների, այսինքն` պարկի վերաբերյալ տեխնիկայի համապատասխան առկայությունը նշված ավտոմեքենաների, այնինչ, քրեական վարույթով պարզվել է` որևէ սեփականության իրավունքով վերջիններս ավտոմեքենաներ չեն ունեցել, ավտոմեքենա ասելով նկատի ունեմ նաև ծանր տեխնիկա: Բացի այդ, «Սանիտեկ» ընկերության կողմից պետք է ներկայացվեին համապատասխան աշխատակիցների որակավորումը հաստատող փաստաթղթեր:
Ըստ դատախազի՝ «Սանիտեկը» պարտավորվել էր Երևանում համապատասխան աղբամանների, նաև այդ աղբամանների հարթակների և դրա սպասարկման ուղղությամբ կոնկրետ քանակի ծառայություններ մատուցել:
Էդգար Արսենյան - Անհամեմատ, մոտ՝ 7-8 անգամ պակաս քանակի աղբամաններ էին, ինչպես գիտեք, մենք բոլորս մամուլից էինք տեղեկանում, որ աղբամանները վնասվում էին, շատ հաճախ հրկիզվում էին, և դրա արդյունքում արդեն աղբամանների վնասման գործընթաց էր սկսվել, և նաև հաշվի առնելով, որ ընկերությունը չէր ապահովել համապատասխան քանակի աղբամանների և դրանց սպասարկման ուղղությամբ այն միջոցները, որը պարտավոր էր կատարել եւ, բացի այդ, նաև ավտոմեքենաները` իմ կողմից նշված, բավարար չէին:
Այսպիսով, Արսենյանի խոսքով, «Սանիտեկը», տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով, ի վիճակի չէր պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց վճարվել է:
Էդգար Արսենյան - «Սանիտեկ» ընկերությանը վճարվել է ամբողջությամբ, այսինքն` հիպոտեթիկ ընդունենք, որ եղել է 8000 աղբաման, և 8000 աղբամանի ամբողջ գումարը վճարվել է, այսինքն` եղել են 3-4 վճարումներ՝ տարբեր տեսակի ծառայությունների դիմաց, որոնք ամբողջությամբ վճարվել են, սակայն որպես այդպիսին` դրանք կատարված չեն եղել:
Փորձաքննության արդյունքում կատարված հաշվարկներով, ըստ դատախազի, հիմնավորվել է, որ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 3 մլրդ 200 հազար դրամի վնաս:
Էդգար Արսենյան - Այսինքն` քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վահե Նիկոյանը, անձնական խմբային շահագրգռվածությունից ելնելով, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է, որպեսզի մրցույթի պայմաններին չհամապատասխանող ընկերությունը նախ մի շարք խախտումների առկայության դեպքում դառնա որպես հաղթող ընկերություն:
Հաղթող ճանաչվելուց կարճ ժամանակ անց էլ, ըստ մեղադրանքի, արդեն Նիկոյանի հոր հետ կնքվել են վարձակալության պայմանագրերը: Նիկոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մեղադրանքը չի ընդունում, բայց ինչ դիրքորոշում ունի նոր մեղադրանքի վերաբերյալ` պարզել չհաջողվեց, նրա պաշտպանը մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
2012-ից 2018 թվականները Երևանի փոխքաղաքապետ աշխատած Վահե Նիկոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված գրավն ու բացակայելու արգելքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան