Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի պատասխանատուն Իլհամ Ալիևն է՝ ասված է միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցում:
Կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպան մտադրություններ ունի. նա գիտակցաբար շրջափակեց Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով ծանուցեց նրա գործողությունների հետևանքների մասին:
Օկամպոն, այնուհանդերձ, մտահոգություն է հայտնել՝ ներկայումս չկա անկախ քրեական արդարադատության համակարգ, որը պատրաստ է հետաքննել Իլհամ Ալիևի հանցագործությունները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը խոչընդոտում է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պետք է ճանաչվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն:
Օկամպոյի խոսքով՝ սովը ցեղասպանության անտեսանելի զենք է, և առանց իրավիճակի արմատական փոփոխությունների՝ Լեռնային Ղարաբաղի հայերին մի քանի շաբաթից ոչնչացում է սպառնում։ Փորձագետը հավելել է, որ ստեղծված իրավիճակը 1915 թվականի շարունակությունն է:
Լեռնային Ղարաբաղի հայերի վերջնական ոչնչացումը կանխելու համար Օկամպոն կարևոր է համարում շրջափակման դադարեցումը մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև վեճերի լուծումը մինչև 2025 թ. մայիսը, երբ Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։
ԶԱՅՑԵՎՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԴԵՆԻՍ ԳՈՆՉԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի հարցազրույցը, որի ժամանակ նա անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, մասնավորապես նշել, որ խաղաղության պայմանագիրը հապճեպ կնքելու փորձերը ապագայում կարող են հանգեցնել նոր հակամարտությունների։
Զայցևը ևս նշել է՝ պետք չէ շտապել, կարևոր է, որ ի վերջո որակյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ Նա հավելել է՝ գուցե ոմանց ձեռնտու է արագացնել կարգավորման գործընթացը, սակայն պետք է նաև հաշվի առնել՝ թե ինչպես հետագայում կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ալեքսեյ Զայցև (ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն) - Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ՀՀ վարչապետի և Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունների տարրերից մեկն է։ Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին ու Երևանին՝ այդ փաստաթղթի նախապատրաստման հարցում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակները բոլոր ուղղություններով։
Զայցևի խոսքով՝ խաղաղության հասնելու մասով Երևանից և Բաքվից հնչող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են ընդունել ցանկացած պայման․ մի շարք բարդ հարցեր կան, որ դեռ պետք է լուծվեն:
ՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԱԼԻԵՎԻ ՎՐԱ, ՈՐ ԴԱԴԱՐԵՑՆԻ ԼՂ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Պետք է ճնշում գործադրել Իլհամ Ալիև վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը՝ Թվիթերի միկրոբլոգում գրել ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը:
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանում ժողովրդավարական ակտիվիստների վրա հարձակումներին՝ դրանք որակելով անընդունելի։ Հոլենը նշել է, որ այդ հարցով ևս Ալիևի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որպեսզի նա դադարեցնի հետապնդումները և ազատ արձակի քաղբանտարկյալներին:
ՄԵՆՔ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԼՈՒԾՎՈՂ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը Անկարայում մասնակցել է հանրապետության դեսպանների 14-րդ համաժողովին։ Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել: Նա ընդգծել է՝ Թուրքիան վերջին տարիներին դարձել է միջազգային կարևոր խաղացող, որի յուրաքանչյուր քայլին հետևում են։
«Մենք միջամտում ենք մեր տարածաշրջանում իրադարձություններին՝ առաջնորդվելով Թուրքիայի շահով և օգտագործելով դիվանագիտության բոլոր միջոցները, կոշտ և փափուկ ուժի տարրերը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ երկրի ուժերը կշարունակեն հակաահաբեկչական գործողությունները՝ Սիրիա և Իրաք փախստականների կամավոր վերադարձն արագացնելու համար։
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Էրդողանը նշել է, որ ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան հանդես է եկել որպես հակամարտության կարգավորմանը ներգրավված առանցքային երկիր:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է իր հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության գոտի ձևավորել: «Այդ ճանապարհին մեր ամենակարևոր երկու գործիքներն են լինելու երկխոսությունը և դիվանագիտությունը: Մենք չենք ձգտում որևէ մեկի հետ կռվել կամ թշնամությունը մեծացնել։ Ընդհակառակը՝ մեր խնդիրն է ավելացնել մեր բարեկամների թիվը։ Մենք որևէ մեկի, հատկապես մեր հարևանների հետ, չունենք որևէ խնդիր, որը հնարավոր չէ լուծել»,- նշել է Թուրքիայի նախագահը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Լևիտինի հետ, քննարկել տրանսպորտային գործակցության զարգացման ուղիները, մասնավորապես՝ Ռաշթ-Աստարա նախագիծը։ Ջալալին ընդգծել է երկաթուղու կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը: Լևիտինն էլ շեշտել է՝ Մոսկվան հետաքրքրված է, որ նախագծի իրականացումը հնարավորինս արագ մեկնարկի։