Մայրաքաղաքում սեպտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է սպասվում. երևանցին կընտրի իր 14-րդ քաղաքապետին: Թեկնածուների առաջադրումները ԿԸՀ-ն օգոստոսի 3-ից պատրաստ էր ընդունել, առաջադրման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 13-ն է, սակայն պաշտոնապես դեռևս ոչ մի առաջադրում չկա: Փոխարենը մեկ տասնյակից ավելի ուժեր հայտարարել են իրենց մասնակցության մասին: Առաջիկա ընտրությանը մասնակցելու է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. քաղաքապետի թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Ընտրապայքարին կմիանա նրա նախկին թիմակիցը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։
Քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ներկայում քաղաքային իշխանության մաս կազմող ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն է: Աշնանը կայանալիք ընտրություններին իր նորաստեղծ «Հաղթանակ» կուսակցությամբ կմասնակցի նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ «Արժանապատիվ Երևան» կարգախոսով պայքարին կմասնակցի Եվրոպական կուսակցության և ՍԴՀԿ-ի դաշինքը. քաղաքապետի նրանց թեկնածուն Կարեն Սարգսյանն է: «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էլ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է: Քաղաքային իշխանության մաս կազմելու ցանկության մասին հայտարարել է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ: «Արդար Հայաստան» կուսակցությունը նման հայտ է ներկայացրել Նորայր Նորիկյանի առաջնորդությամբ:
«Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը, թեպետ նախապես հայտարարվել էր, Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը չի գլխավորի: Նա իր տեղը զիջել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանին։ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ևս կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին․ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը հակված չէ մասնակցել քաղաքային իշխանության մաս կազմելու պայքարին: Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարություն է տարածել, թե Դաշնակցության մոտեցումն էր, որ ավագանու ընտրություններին ընդդիմությունը մասնակցի մեկ միասնական թեկանածուով, ինչը հնարավոր չի եղել կյանքի կոչել, իսկ առանձին ցուցակ կուսակցությունը չի ներկայացնի: Սակայն քաղաքապետ դառնալու ցանկության մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը՝ այս անգամ «Մայր Հայաստան» նորաստեղծ շարժմամբ: Հանրապետական կուսակցությունը նույնպես չի մասնակցի ընտրապայքարին. այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, քրեական գործի շրջանակներում կալանավորված Արմեն Աշոտյանը։ Ակտիվ շրջանառվում են Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մասնակցության մասին լուրերը, սակայն կուսակցությունից հայտնեցին, որ դեռևս որևէ բան հայտարարելու որոշում չունեն:
Ընտրապայքարին միանալու մասին հայտարարած քաղաքական ուժերը միայն առաջին համարների անուններն են հայտնում, ցուցակները դեռևս չեն հրապարակել: Առաջիկա ընտրությանը մասնակցող ուժերը քարոզարշավը կսկսեն օգոստոսի 23-ից, արդեն սեպտեմբերի 17-ին երևանցիները կընտրեն ավագանու կազմը, հաղթող ուժը կառաջադրի իր քաղաքապետի թեկնածուին:
Հեղինակ՝ Անի Օհանյան