Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունել է «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։ Այն ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում իրականացնի։ Բաշխումն իրականացվում է խորհրդարանում ներկայացված խմբակցությունների միջև՝ ըստ իրենց ունեցած մանդատների համամասնության։
Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 315 նախագահ, 315 քարտուղար.
«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 129 նախագահ, 129 քարտուղար.
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 31 նախագահ, 31 քարտուղար:
Որոշման հաստատված հավելվածով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը` մինչև ժամը 18.00-ը: Ընդգծենք, որ ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն ունեն միայն խորհրդարանում ներկայացված խմբակցությունները և ԸԸՀ-ները, հետևաբար ՏԸՀ անդամ նշանակվելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել վերոնշյալ սուբյեկտներին և ոչ թե ԿԸՀ-ին։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնը նախապատվության քվեակարգով համալրեց։ Ըստ Արմեն Սմբատյանի՝ հանձնաժողովը սահմանված ժամկետում 5 դիմում է ստացել։ Բոլոր հինգ թեկնածուներն էլ բավարարել են Ընտրական օրենսգրքով սահմանված ԸԸՀ անդամ նշանակվելու չափանիշներին։ Հանձնաժողովը թիվ 2 ԸԸՀ-ի անդամի թափուր պաշտոնում ընտրեց Նելլի Շառոյանին։