44-օրյա պատերազմի 2-րդ օրը խուճապ տարածելու վերաբերյալ գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրյալը գումարտակի հրամանատարի տեղակալ Մեսրոպ Պետրոսյանն է: Ըստ մեղադրանքի՝ մայորը պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու էր նշանակվել ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Արեգա բարձունքի ստորոտում գտնվող մարտական դիրքը ավելի ամրապնդելու նպատակով:
Արկադի Գաբրիելյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Սեպտեմբերի 28-ին, տեսնելով, որ հարևան զորամասի պաշտպանության տեղամասում հակառակորդի ուժեր են նկատվում՝ տանկեր, տեխնիկաներ, պարտավոր լինելով մարտ վարել և հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, խափանելու նրա ծրագրերը, դիմել են փախուստի: Այսինքն՝ խուճապ է տարածում և բոլորին նահանջի հրաման է տալիս՝ առանց վերադաս հրամանատարությանը տեղեկացնելու, առանց համապատասխան թույլտվություն ստանալու:
Ըստ քննիչի՝ առանց մարտ վարելու, առանց ուժերը համաչափ գնահատելու՝ մեղադրյալն ասել է՝ ի վիճակի չեն հակառակորդի գրոհը կասեցնել, ուստի պետք է նահանջեն:
Արկադի Գաբրիելյան - Ե՛վ հակատանկային միջոցներ են ունեցել, և՛ բավարար անձնակազմ են ունեցել, և՛ հրաձգային միջոցներ են ունեցել, որոնցով կարելի էր կանխել հակառակորդի առաջխաղացումը և ժամանակ շահել, որպեսզի հակառակորդը չկարողանար առաջանար:
Արդեն նահանջից հետո հակառակորդը անխոչընդոտ գրավել է կարևորագույն բարձունքը:
Արկադի Գաբրիելյան - Որտեղից էլ սկսում է և խոչընդոտներ արդեն ստեղծել պաշտպանության շրջանի համար, հետագայում սկսում է արդեն իրականացնել հարձակումներ, գրոհներ նաև այդ վայրից: Մի քանի անգամ նաև հակագրոհներ է իրականացվել տվյալ կարևորագույն բարձունքը հետ գրավելու նպատակով, սակայն վերջնարդյունքում բարձունքը և դրան հարակից մի քանի մարտական դիրքեր անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Մայորը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու համար: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մեսրոպ Պետրոսյանի պաշտպան Պարույր Սաֆարյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, սակայն այլ մանրամասներ այս փուլում չեն ցանկանում հայտնել:
Արեգա սարի բարձունքի մեկ այլ դրվագով է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, որը, ըստ մեղադրանքի, հրաման է տվել նահանջել հակագրոհով գրաված բարձունքից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան