Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փատսերով հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Թ․Կ․-ն, 2014-2017 թթ․ ընթացքում դիմել է իր 10 համագյուղացիներին իրենց անվամբ՝ իր համար, ՀՀ-ում գործող բանկերից մեկի Մարտունու մասնաճյուղից վարկ ստանալու համար՝ նախապես խոստանալով վարկի գումարը և տոկոսագումարը վճարել։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Թ․ Կ․-ն, նաև կեղծ խոստումներ տալով, ներկայացել է իբրև նշված բանկի Մարտունու մասնաճյուղի ներկայացուցիչ և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով իր ևս 13 համագյուղացիներին և Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մի բնակչի առաջարկել է իր աջակցությունը՝ բանկի կողմից նրանց վարկ տրամադրելու գործընթացում, ինչը կատարելով՝ վստահություն է առաջացրել քաղաքացիների մոտ։ Միաժամանակ, նա դիմել է այդ անձանց՝ իրենց անվամբ, իր համար, նույնպես վարկ ստանալ՝ նախապես խոստանալով վերցրած վարկից իրեն տրամադրած գումարի չափով կատարել վարկի գումարի և տոկոսագումարի վճարումները։ Վստահությունն ամրապնդելու համար որոշ անձանց հետ անգամ կատարել է տրամադրված գումարի տոկոսի վերաբերյալ հաշվակներ:
Վերը նշված անձինք, ընկնելով մոլորության մեջ և հավատալով Թ․ Կ․-ի սուտ խոստումներին, նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել են բանկի մասնաճյուղ, ստացել են իրենց անվամբ ձևակերպված վարկի գումարը և առձեռն փոխանցել են Թ․ Կ․-ին՝ նախնական պայմանավորվածության համաձայն վարկի գումարը և տոկոսագումարը վերջինիս կողմից վճարելու պայմանով։
Սակայն Թ․ Կ․-ն, տարիներ շարունակ նշված քաղաքացիներին կեղծ խոստումներ տալով, նրանց հավաստիացրել է, որ կկատարի խոստումը և արդեն իսկ ձևավորված վստահությունն ամրապնդելու նպատակով վերցված վարկերի, առաջացած տուժանքի և տոկոսի մի չնչին մասը վճարել է։
Այդուհանդերձ, 2014-2017 թթ. ընթացքում խաբեության եղանակով և ներքոնշյալ 24 քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ Թ․Կ․-ն հափշտակել է վերջիններիս անվամբ, ընդ որում՝ նրանցից մի քանիսի պարագայում մի քանի անգամ, բանկից ստացված և արդեն նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.277.828 ՀՀ դրամին համարժեք 59.414 ԱՄՆ դոլար և 6.614.000 ՀՀ դրամ գումարները, որը տնօրինել է իր հայեցողությամբ:
2023 թ․ հուլիսին Թ․Կ․-ի նկատմամբ վերջնական հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և նրան առաջարդվել է մեղադրանք:
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: