Արամ Խաչատրյան - Գյուլբենկյան խաչմերուկ, փողոցի ու շենքի արանքում գտնվող բենզալցակայանը էլ չի գործելու: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է ստուգել-պարզել և նման որոշում կայացրել, որի հիման վրա հարկադիր կատարողն արդեն տեղում է՝ բենզալցակայանը կապարակնքելու համար: Նախ ստուգում են՝ արդյոք դատարկ են հորերը:
Հրաչյա Օհանյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ) - Իրականացվել էր հետազոտություն, արձանագրվել են մի շարք խախտումներ:
Օրինակ, հեղուկ վառելիքի պահեստարաններից մեկը վերգետնյա է, որը խոշոր խախտում է համարվում, բացատրում է Օհանյանը:
Հրաչյա Օհանյան - Միջտարածքային հեռավորությունը պահպանված չէ և այլն:
Իրավասու չեմ պատասխանել, այսպես արձագանքեց տարածքում գտնվող «Մաքս Օիլ» ընկերության ներկայացուցիչը մեր հարցերին, նշեց` 4-5 տարուց ավելի է` այս բենզալցակայանը եղել է, հորդորեց կապ հաստատել գրասենյակի հետ, տնօրինությունից, սակայն, որևէ մեկնաբանություն չտվեցին:
Հրաչյա Օհանյան - Չի կարող էս նույն խախտումներով էլի գործել, այն կասեցված է: Մարդու կյանքի ու առողջության վտանգի մասին է խոսքը՝ անկախ հանգամանքից, թե ինչ խնդիրներ կստեղծվեն բիզնեսի համար:
Արտավազդ Ղազարյան («Արմ Պետրոլ» ընկերության ներկայացուցիչ) - Այս պահին վառելիքի ինչ տեսակ կա՝ բոլորը դատարկում ենք:
Խոսքը մոտ 2 տոննա վառելիքի մասին է: Սա արդեն Գյուլբենկյան - Հրաչյա Քոչար խաչմերուկում գտնվող բենզալցակայանի մասին է: Այստեղ ևս գտել են մի շարք խախտումներ, առանց ստուգելու էլ խախտումներ կան, որ բոլորին են տեսանելի՝ հրդեհավտանգ օբյեկտը բնակելի շենքերի համար ոչ թույլատրելի տարածության վրա է, հեղուկ վառելիքի պահեստարանը էլի վերգետնյա, այնինչ` մայրաքաղաքում դա պարտադիր պետք է ստորգետնյա լինի։
Մինչև բենզինը կդատարկվեր, ընկերությունը ներկայացրեց դատարան ներկայացված իրենց հայցը, որը դատարանը վարույթ է ընդունել, բայց դեռ դատական ակտ չկա: Տեսչականից թեև պնդեցին կասեցման անհրաժեշտությունը, բայց Հարկադիր կատարողը մոտ մեկ ժամ հեռախոսով քննարկումներից հետո չիրականացրեց շահագործման դադարեցման որևէ գործողություն՝ հաշվի առնելով դատարանի որոշումը: Ավելին՝ այդ ժամվա ընթացքում խոչընդոտեց նաև մեր աշխատանքը՝ թույլ չտալով քննարկումների ընթացքը լուսաբանել:
Մեկնաբանությունը տեսչական մարմնից ավելի ուշ փոխանցեցին:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին - Անհասկանալի հանգամանքներում է վարույթ ընդունվել «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ընկերության հայցադիմումը՝ անտեսելով հանգամանքը, որ դրանում առկա են եղել տեխնիկական մի շարք վրիպակներ, որի պայմանններում այն վարույթ չպետք է ընդունվեր և վերադարձվեր։ Ըստ վարույթ ընդունելու մասին որոշման՝ Գյուլբենկյան - Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում գտնվող օրենքի բազմաթիվ խախտումներով շահագործվող և ամբողջապես ինքնակամ կառուցված «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» բենզալցակայանի շահագործումը անվտանգ է` նույնիսկ այն պարագայում, երբ վերահսկողություն իրականացնող Տեսչական մարմինը ստուգման ընթացքում արձանագրած բազմաթիվ խախտումների փաստով հիմնավորել էր, որ տվյալ խախտումների առկայության պարագայում այդ բենզալցակայանի շահագործումը ուղղակի և անմիջական սպառնալիք է հանրային անվտանգության համար։ Թեև վերահսկող մարմնի որոշման պայմաններում հարկադիր կատարողի կողմից չիրականացվեց շահագործման դադարեցմանն ուղղված որևէ գործողություն` հաշվի առնելով դատարանի որոշումը, Տեսչական մարմնի աշխատակիցները, գնահատելով շահագործման պայմաններում դրա վտանգավորության աստիճանը, կապարակնքեցին բենզալցակայանը։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Հրաչյա Օհանյանին բենզալցակայանից տեղեկացրել էին՝ իրենց հեռանալուց հետո կապարակնիքը բացելու և վերսկսելու են աշխատանքը` էլի մատնացույց անելով դատարանի նույն փաստաթուղթը:
Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Լուրեր»-ին փոխանցեց՝ նախապատրաստվում են միջնորդություն ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ դատական ակտ կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։
Գործունեությունը կասեցնելու գործընթացը շարունակվելու է: Իսկ տեսչական մարմինի կապարակնիքը անտեսելու համար նախատեսվում է նաև վարչական տույժ:
2023 թ. հունվարից մինչև հունիսի վերջ հանրապետության տարածքում ստուգվել, հետազոտվել է ընդհանուր 56 բենզա և գազալցակայան, որից 44-ում արձանագրվել է 214 խախտում: Բնակելի շենքերին այսքան մոտ և դրա հետ մեկտեղ մի շարք խախտումներ ունեցող բոլոր բենզալցակայանների դեպքում էլ որոշումը մեկն է լինելու՝ այդ հասցեում գործունեության ամբողջական կասեցումը:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան