Այս տարվա առաջին կիսամյակում 12 բնակելի տարածք նվիրաբերվել է այդ հասցեներում բնակվող 11 ընտանիքի. նրանցից մեկը 1988-1992թթ.-ին Ադրբեջանից բռնագաղթածներից է, տասը տեղաբնակներ են: Այս տարածքները նախկին հանրակացարաններ կամ ուսուցչի տներ են:
Գեղամ Հովսեփյան (Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ) - Ծրագրի մեկնարկից մինչև այսօր նախատեսվել է նվիրատվությամբ կամ սեփականաշնորհմամբ տրամադրել 2027 բնակելի տարածք, այսօրվա դրությամբ նվիրատրվել կամ սեփականաշնորհվել է 1573 բնակելի տարածք:
Ներկայում նվիրատվության է ենթակա 454 բնակելի տարածք, որից 169-ում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթածները, 199-ում՝ տեղաբնակները, իսկ 86-ը բնակեցված չեն՝ անբարեկարգ վիճակում են:
Գեղամ Հովսեփյան - Չեն բնակվում մարդիկ, և չկա, այսպես ասած, պահանջարկ այդպիսի, որ դրանց համար, ասենք, գումար նախատեսվի և ծախսվի դրանց վերանորոգման համար, հետագայում ընթացքը ցույց կտա, եթե դրանց պահանջարկ առաջանա, էն ժամանակ կորոշենք՝ ինչ տեսքով կներկայացնենք` սեփականաշնորհման կամ նվիրատվության:
Բնակելի տարածք ստանալու համար քաղաքացիները պետք է հաշվառված լինեն տվյալ տարածքում, որոշ ժամանակ այդտեղ բնակված լինեն, փախստականների դեպքում՝ վերջին 3 տարվա ներկայություն է պետք, տեղաբնակների դեպքում՝ մինչև 2017 թվականը: Պետք է չունենան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, չլինեն պետության կողմից բնակարանային պայմանների բարելավման աջակցության շահառու:
Օլգա Մինասովան ծրագրի շահառուներից է: Այստեղ է ապրում ամուսնու հետ: Հայաստան են եկել 1988 թվականին՝ երկրաշարժի օրը:
Օլգա Մինասովա (շահառու) - 2010 թվին սեպտեմբերի 13-ին մենք մտել ենք այստեղ, արդեն ռեմոնտ արած, մենք ենք ռեմոնտ արել, մեր ուժով ենք արել, մեզ ոչ մեկը չի օգնել:
Տարածքը, սակայն, սեփականաշնորհել են մոտ 3 տարի առաջ. գոհ են, բայց տարածքի փոքրությունն անհարմարություններ է պատճառում:
Օլգա Մինասովա - Անհարմար է էստեղ, ճիշտ եմ ասում, մի սենյակի մեջ, կներեք, զուգարանը, բաղնիքը, կուխնեն, ննջասենյակը, զալը, սաղ էդ տասնվեց կվադրատի մեջ է:
Ներկայում հաշվառվում և ամփոփվում է Կոմիտեի ենթակայության հանրակացարանների մոտ 500 բնակելի տարածքների վերաբերյալ տեղեկությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարմանը փոխանցելու նպատակով: Իսկ ընդհանուր նվիրատվության գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի վերջը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան