ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՍՈՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ. ՄԱՐՈՒՔՅԱՆ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը ֆրանսիական Le Monde թերթի հետ հարցազրույցում անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և օգտագործում է սովի գործոնը` որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մենք վերահաստատում ենք Ադրբեջանին ուղղված մեր պահանջը՝ դադարեցնել սովի օգտագործումը որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու նրան ընդունել իր «պայմանները», ինչը մարդկության դեմ հանցագործություն է»,- գրել է Մարուքյանը։
ՎԵՐԱՑՆԵԼ ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ. ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ՄԱԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՑ
ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ Ադրբեջանին կոչ են արել վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հավատարիմ մնա միջազգային պարտավորություններին, հարգի և պաշտպանի մարդու իրավունքները: Փորձագետները նաև շեշտել են գործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում: Նրանք նաև դիմել են Ռուսաստանի խաղաղապահներին` համաձայն զինադադարի դրույթների, պաշտպանել միջանցքը: Կոչին միացել են ՄԱԿ-ի՝ Պարենի, Հաշմանդամություն ունեցողների, Կրթության իրավունքի հարցերի հատուկ զեկուցողները և տարեցների իրավական հարցերով անկախ փորձագետ:
ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է. ՄԻԼԼԵՐ
Խաղաղության համաձայնագրին հասնելու համար ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը՝ անդրադառնալով Մոսկվայից վերջերս հնչած հայտարարությանը, թե «հապճեպ» պատրաստված փաստաթուղթը հակամարտության վտանգ է պարունակում։ Մեթյու Միլլերն ընդգծել է՝ «չնայած այս հարցում կողմ չհանդիսացող այլ երկրի մեկնաբանություններին»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հասանելի է»։
Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին խոսելիս՝ Միլլերը նշել է․
«Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեմ ուզում նշել․ դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն էր: Միայն կասեմ, որ մենք հավատում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր ունենալ այստեղ, ինչպես այլ հարցերում»։
ԻՆՁ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԼՂ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՉԵՐԻՍ ՀԱՄԱՐ. ԱԴԱՄՍ
«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Սայմոն Ադամսը հայտարարել է, որ համացանցում ադրբեջանամետ օգտահաշիվներից իրեն պարբերաբար վիրավորում են՝ Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու իր կոչերի համար։
«Նշեմ, որ ես հայ կամ ամերիկացի չեմ։ Ես պարզապես հավատում եմ մարդու իրավունքներին և մարդասիրությանը: Եվ ես կշարունակեմ գրել Twitter-ում»,- իր միկրոբլոգում գրել է Ադամսը։
ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇԻՖ
Այն օրվանից, երբ սկսվեց Լաչինի միջանցքի արգելափակումը, ես Կոնգրեսի իմ գործընկերների և երկրի հայերի հետ կոչ եմ արել Սպիտակ տանը, պետքարտուղարությանը և Միջազգային զարգացման գործակալությանը` միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար, Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախ կենսական անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից դուրս բերելու թույլտվության մերժման հետևանքով միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտության տևական լուծում գտնելու անհրաժեշտությունն օրեցօր աճում է: Ես համառորեն կոչ եմ արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունն ազատ տեղաշարժվի Լաչինի միջանցքով, և ես կոչ եմ արել նախագահ Բայդենին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար»,- նշել է Շիֆը։
Նա շեշտել է, որ միշտ անսասան է եղել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իր հանձնառության մեջ՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումները, հանդես գալով հայ ռազմագերիների ազատ արձակման օգտին, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։
Շիֆի կարծիքով՝ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ օգնության դադարեցումը և ճգնաժամի պատասխանատուների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
«Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- հավաստիացրել է Շիֆը։