Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 9-ին ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինին և Դամյան Մերֆիին:
Ինչպես հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ:
Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: