2023 թվականի հուլիսին Հայաստան է եկել 256 հազար զբոսաշրջիկ, իսկ 7 ամսում մեր երկիր ժամանած այցելուների թիվը 1 մլն 260 հազար է կազմում, ինչը գերազանցում է ամենաակտիվ զբոսաշրջային տարվա՝ 2019-ի հունվար-հուլիսի ցուցանիշը 29 տոկոսով: Վերջին տվյալը հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը՝ թվարկելով այն երկրները, որտեղից ամենաշատն են այցելել Հայաստան:
Աննա Մարգարյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու) - Առաջին տեղում նորից Ռուսաստանը, Վրաստանը և Իրանն են, հետո արդեն մնացած երկրներն են, այդ թվում` Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը և այլ երկրները, նաև ԱՄՆ-ն, որ մեզ մոտ 4-րդ տեղում է զբոսաշրջային այցելություններով:
Աննա Մարգարյանի խոսքով՝ վերջին շրջանում Հնդկաստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից ևս զբոսաշրջային մեծ հոսքեր են գրանցվել:
Աննա Մարգարյան - Նաև աշխատում ենք եվրոպական շուկայի վրա, հիմնականում մեր թիրախային երկրները նրանք են, որտեղից դեպի Հայաստան կա ուղիղ չվերթ, դրանք են՝ Գերմանիան, Իտալիան, որ ունենք երեք քաղաքից ուղիղ չվերթներ դեպի Երևան, ինչպես նաև Բուլղարիայից, Չեխիայից ենք սկսելու աշխատանք:
ՍԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՊԱՐԱՊԼԱՆԵՐԱՅԻՆ ՎԱՅՐԷՋՔԻ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԸ»
Ըստ Մարգարյանի` այս արդյունքին հասել են տարբեր միջոցառումների շնորհիվ՝ արտերկրի մեդիա ներկայացուցիչների և բլոգերների ճանաչողական այցերի և փառատոնների իրականացմամբ: Կոմիտեն այժմ աշխատում է արկածային, մշակութային, բնահենք և գաստրոզբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Այս տարի աջակցում են նաև 17 զբոսաշրջային փառատոնի անցկացմանը, դրանցից մեկն էլ օգոստոսի 19-ին Սևանում կայանալիք «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ»-ն է, որի շրջանակում մրցելու է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի մոտ 80 մարզիկ։
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողների համար նախատեսված են գավաթներ ու դրամական պարգև:
Արմեն Սարգսյան (Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ) - Ճշգրտության գավաթ է, այսինքն` մարզիկները պետք է թռչեն բարձրությունից և վայրէջք անեն կենտրոնում, հատուկ նշած կենտրոն է. ով ավելի շատ կենտրոն է վայրէջք անում, ինքն էլ կլինի հաղթողը:
Միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են, որ փառատոնին կմասնակցի 1000-ից 2000 մարդ: Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում այս սպորտաձևը մեծ պոտենցիալ ունի, քանի որ մեր երկիրը լեռներով հարուստ է:
Արմեն Սարգսյան - Որպես ուղղություն, որ մարզիկը կամ ուղղակի սիրողական օդաչուն իր պարապլանով այցելի մի երկիր, Հայաստանը թոփ 10 երկրների ցանկում է, և դա մենք պարծանքով ենք ասում, որովհետև նախորդ տարիներին բավական լուրջ աշխատանք ենք կատարել, որ Հայաստանն էդ առումով ճանաչված լինի, այդ պատճառով մենք նոր ուղղություն ենք զարգացրել՝ պարատուրիզմ:
Փառատոնը չի սահմանափակվելու միայն մրցութային մասով։ Կլինեն նաև ջրային սպորտաձևեր, օդապարուկներ թռցնելու հնարավորություն, նաև համերգային ծրագիր։
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան