Հայաստանի անշարժ գույքի շուկան այս տարի արդեն կարգավորվել է: Կադաստրի կոմիտեի տվյալով՝ 2023 թ. հունվար-հունիսին անշարժ գույքի շուկայում իրականացվել է մոտ 103.5 հազար (103.490) իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7.2, իսկ 2021-ի 6 ամսվա ցուցանիշից՝ 13.5 տոկոսով:
Անդրանիկ Հարությունով (Անշարժ գույքի գործակալության տնօրեն) - Գերտաքացած վիճակը անցած տարվա` ռուսների գալու, այստեղ ադապտացվելու, արդեն մեր առօրյայի հետ քայլելը, անցանք էդ էտապը, և արդեն նորմալ տարեկան մեր ստաբիլ աճը գրանցում ենք անշարժ գույքի շուկայում:
Գործարքների 27.5 տոկոսը մայրաքաղաքում է եղել, 18.4-ը` Կոտայքի մարզում, Արմավիրում և Արարատում թիվը նույնն է՝ 9.1 տոկոս:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Երբ առուվաճառքի գործարքներն ենք դիտարկում՝ հետաքրքիր է, որ գյուղական բնակավայրերում գործարքների ամենամեծ աճն է եղել, ես կարծում եմ` սա, օրինակ, պայմանավորված է երևանամերձ գյուղական բնակավայրերում պահանջարկի էական մեծացմամբ, և քանի որ էստեղ գները բարձրանում են, դա ամբողջ միջին գները վեր է հրում, նաև կա երևանամերձ փոքր քաղաքներում գների բարձրացման միտում` պայմանավորված նաև Երևանում որոշակի գնային սեգմենտում պահանջարկի անբավարարությամբ:
Գործարքների 36.2 տոկոսը օտարման հետ է կապված, 18.7 տոկոսը` ժառանգության, 15.3-ը` առաջնային գրանցման: Ընդհանուր գործարքների 46.3 տոկոսը բնակարանների և բնակելի տներին է վերաբերում, 40.6 տոկոսը հողերին, մնացածն` այլ գույքերին: Անշարժ գույքի գործակալության տնօրենի խոսքով՝ երկրորդ եռամսյակում ևս նվիրատվությունների կտրուկ աճ է եղել, իսկ առուվաճառքները նվազել են: Պատճառը, ըստ Անդրանիկ Հարությունովի, այն քաղաքացիներն են, որոնք արտերկրից են ժամանել և կանխիկ գումարով են անշարժ գույք ձեռք բերում:
Անդրանիկ Հարությունով - Քանի որ էդ գումարը պիտի պարտադիր փոխանցումով լինի, և պետք է այդ գումարը հիմնավորեն` որտեղից, շատ դեպքերում փաստաթղթով չեն կարողանում հիմնավորել կամ, մի քիչ ավելի բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար, նախնական պայմանավորվածություն են ձեռք բերում սեփականատիրոջ հետ, գործարքը կատարվում է կանխիկ, բայց ձևակերպվում է որպես նվիրատվություն: Ճիշտ է` օրենքի խախտում է, բայց ամեն դեպքում մարդիկ էդպես են կազմակերպում գործարքները:
Ըստ կադաստրի կոմիտեի վերլուծության՝ 2023-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական միջին արժեքը Երևանում աճել է 8, իսկ այլ քաղաքներում՝ 11.3 տոկոսով: Ամենաբարձր գինն արձանագրվել է Երևանի Կենտրոնի առաջին գոտում՝ քառակուսի մետրը 1 մլն 51 հազար դրամ:
Նարեկ Կարապետյան - Վերջին 5 տարիներին Կենտրոնում գները կրկնապատկվել են, իսկ Երևան քաղաքում աճել են կիսով չափ, բայց պետք է նշել, որ 23 թվականին էս աճի տեմպերը աստիճանաբար թուլանում են:
Անդրանիկ Հարությունով - Իրականում շուկայում որ փնտրենք, 8-9 հազար դոլարով էլ քառակուսին կգտնենք, որը ավելի բարձր է: Մեր քաղաքում կամ երկրում հայտարարված գները երբեմն զարմանալի բարձր են լինում, քան, օրինակ, մեր քաղաքացիների միջին գնողունակության կամ ընդհանուր եկամուտների թիվը:
Նշենք նաև, որ 2023-ի առաջին կիսամյակում անշարժ գույքի 23728 առուվաճառքի գործարքի 9.4 տոկոսը օտարերկրացիների մասնակցությամբ է եղել: Առաջին տեղում` ՌԴ, երկրորդում ԱՄՆ քաղաքացիներն են:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան