Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության վերականգնումն ուղղակիորեն կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ֆրանսիական RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։
Պաշտոնյան իր անհամաձայնությունն է հայտնել ռուսական կողմի այն հայտարարությունների հետ, թե հացահատիկի մատակարարման հարցում լուրջ խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից արտահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել։
«Ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրներին, այդ թվում՝ բանկերի, փոխադրումների և այլ հարցերի հետ կապված, ապա մենք ամեն ինչ արել ենք՝ այդ հարցերի լուծումն ապահովելու համար։ Ես նամակներ եմ գրել մեր բանկերին՝ բացատրելով, որ մենք լիովին աջակցում ենք Ռուսաստանի կողմից հացահատիկի արտահանմանը, և որ կարիք չկա վախենալ պատժամիջոցներից, որոնք չեն տարածվում ռուսական հացահատիկի, փոխադրման, ապահովագրության և այլնի վրա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։