Առաջիկա օրերին Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն: Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, կանխարգելման, արագ արձագանքման նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ. նախատեսվում է ուժեղացված ծառայություն: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքով՝ հրդեհների հիմնականում մարդկանց գործունեության հետևանքով են:
Արսեն Մկրտչյան (ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ) - Փրկարար ծառայության հորդորը՝ ուղղված բնակիչներին և քաղաքացիներին՝ բուսածածկ տարածքներում, անտառածածկ տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայերում, իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի անեն այդ գործը, անեն միայն բաց տարածքներում և իրենց հեռանալուց հետո համոզված լիեն, որ կրակը հանգել է, դրանք հանգցնեն հողով կամ ջրով: Արգելվում է նետել այրող լուցկիներ կամ չմարված ծխախոտի մնացորդներ:
Արգելվում է նաև բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք ճառագայթման հետևանքով հնարավոր է՝ հրդեհի պատճառ դառնան: Չպետք է նաև չոր խոտի այրում, ինչը վերջին շրջանում հիմնականում գյուղատնտեսական տարածքներում իրականացվում է:
Սևակ Մարկոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն) - Շատ դեպքերում այդ հրդեհները ունենում են մարդածին բնույթ, դրանք քամու ուժեղ տարածման հետևանքով շատ մեծ արագությամբ տարածվում են և հետագայում արդեն միանգամից կարողանում են մուտք գործել անտառային շերտեր: Մեր հիմնական խնդիրը թույլ չտալն է, որ այդ հրդեհները մեծ տարածումներ ունենան, քանի որ հետագայում դրանք նույնիսկ շատ դեպքերում կարող են դառնալ անկառավարելի, կամ շատ ավելի բարդ ու մեծ ռեսուրսներ պետք է ծախսել էդ աշխատանքները կատարելու համար:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրդեհների մեծ մասը խոտածածկ, բուսածածկ տարածքներում է եղել՝ յոթ ամսում 1117 նմանատիպ դեպք է գրանցվել:
ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԽՄԵԼ ՇԱՏ ՋՈՒՐ ԵՎ ԹԱՆ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՐԴՈՐԸ
Սպասվող շոգ եղանակին դիմակայելու համար պետք է խմել շատ ջուր, թան, պակասեցնել կոֆեին պարունակող ըմպելիքները:
Նունե Բակունց (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ) - Սնունդը մենք պետք է ապահովենք, անկախ նրանից՝ տա՞նն ենք, թե՞ բնության գրկում, համապատասխան ջերմային պայմաններում: Այսինքն՝ եթե դուք ձեզ հետ վերցնում եք որոշակի սննդամթերք, որն արագ փչացող մթերքներիի խմբից է և պահանջում է հատուկ ջերմային ռեժիմ, ուրեմն դուք դա պետք է այդ ջերմային ռեժիմը պահեք: Խոսքն այն մասին է, որ հում միս, մսամթերք, կաթ, կաթնամթերք, ձուկ, ձկնամթերք, կրեմային հրուշակեղենը ցանկալի է ընդհանրապես չօգտագործել և չպատրաստել:
Կեսօրից մինչև երեկոյան 6-7-ը ուլտրամանուշակագույն ճառագայթումը առավել ուժեղ է, խորհուրդ է տրվում դուրս չգալ կամ առնվազն չլինել արևի ճառագայթների տակ, կրել ակնոց և լայնեզր գլխարկ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատրյան