Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի դիվանագիտական առաքելության ավարտին։ Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
Ընդունելությանը ներկա էին Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ղեկավար պաշտոնյաներ, խորհրդարանի, դիվանագիտական կորպուսի, Հաագայում տեղակայված մի շարք միջազգային կազմակերպությունների և դատարանների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար, կրթական, գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայկական, հնդկական ու հունական համայնքային կառույցների անդամներ։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան դեսպան Տիգրան Բալայանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Էրիկ Վեսթստրատեն։ Տ․ Բալայանն ընդգծեց, որ նման միջոցառման կազմակերպումն այն պայմաններում, երբ արդեն 7 ամիս է, ինչ Արցախն ապօրինի շրջափակման մեջ է, բարդ, սակայն կարևոր որոշում էր, որի նպատակը Նիդերլանդներում անցկացրած գրեթե հինգ տարիների համար երախտիք հայտնելն էր բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Նիդերլանդներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը։
Դեսպանն անդրադարձավ Հաագայում տեղակայված միջազգային կառույցների և դատարանների հետ բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով Եվրապոլի հետ հունիսին ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։ Որպես պաշտոնավարման ընթացքում գրանցած այլ ձեռքբերումներ՝ դեսպանն առանձնացրեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը, Հայաստանի վերաբերյալ «Արարատի ստվերի ներքո․ հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի կազմակերպումը Դրենցի թանգարանում, առևտրատնտեսական ծավալների շեշտակի աճը, նիդերլանդական նոր ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա, ՀՀ վարչապետի պաշտոնական այցի շրջանակներում Խաղաղության պալատի այգում հայկական խաչքարի տեղադրումը՝ խորհրդանշելու խաղաղության կարևորությունը Հայաստանի համար։
Ելույթի ավարտին դեսպանը խոսքը փոխանցեց Նիդերլանդների ԱԳՆ-ի Եվրոպայի վարչության ղեկավարին՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով օրինակելի համագործակցության և բովանդակային ներգրավվածության համար։
ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Է․ Վեսթստրատեն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին հայ-նիդերլանդական երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել, համալրվել նոր բովանդակությամբ և ոլորտներով։
Դեսպան Տ․ Բալայանի ելույթն ամբողջությամբ հասանելի է հետևյալ էլ․ հասցեով: