2023 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 01:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից հայտնել են, որ ժամը 01:03-ին նշված անձը՝ Արսեն Հովսեփյանը, մահացել է: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Դեպքի առթիվ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն:
Երևան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի դիմաց կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, 9 x 19մմ տրամաչափի կրակված պարկուճ, փափմուշտի գնդակի բեկոր, իսկ նույն տան արտաքին պատի մեջից՝ 1 գնդակ: Դեպքի վայրի զննությամբ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակված հետքեր:
Պարզվել է, որ դեպքից անմիջապես հետո տուժող Ա․Հովսեփյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով: Բուժկենտրոնի ավտոկայանատեղիում կատարված զննությամբ հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ արնանման նյութի հետքեր:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատաապրանքագիտական համալիր, ինչպես նաև` դատագենետիկական փորձաքննություններ:
Ստացվել են դեպքի վայրը ֆիքսող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել է քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ պարզելուն, հանցագործության գործիք զենքը, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելուն ուղղված հանձնարարություն»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: