ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող չինական «Քինգ Լոնգ» (Xiamen King Long United Automotive Industry) ընկերության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանը և Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Կորյուն Ղազարյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը, տրանսպորտի որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքը։
Քննարկվել է ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Մասնավորապես ընկերության ներկայացուցիչները մտադրություն են հայտնել Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այց կազմակերպել Հայաստան, որպեսզի ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրեն հայաստանյան շուկան, առկա հնարավորությունները և հետագա համագործակցության հնարավորությունները։