Այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում գրանցվել է 46 ապօրինի որսի դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 9 մլն դրամը: Մասնագետների խոսքով՝ ապօրինի որսագողության դեպքերի նվազում կա: Իսկ թույլատրելի որսաշրջանը այս տարի կմեկնարկի օգոստոսի 20-ին: Շրջակա միջավայրի նախարարությունը յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանել է կոնկրետ չափաքանակ և թույլատրելի ժամանակահատված:
Լոր, քարակաքավ, նապաստակ, աղվես. որսի համար թույլատրելի 14 կենդանատեսակից մի քանիսն են, 5-ը պատկանում են կաթնասունների դասին, մնացածը թռչուններ են: Ըստ շրջակա միջավայրի նախարարության շրջանառած նախագծի՝ այս որսաշրջանը նախատեսվում է սկսել օգոստոսի 20-ից: Յուրաքանչյուր կենդանատեսակի համար սահմանվել է կոնկրետ չափաքանակ, նաև ժամանակահատված՝ հաշվի առնելով կենսաբանական առանձնահատկությունները:
Սևակ Բալոյան (ՀՀ ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Այս տարի որոշակի փոփոխություններ կան նաև վայրի խոզի որսի կազմակերպչական հարցերում, մասնավորապես, եթե նախկին տարիներին որսը թույլատրվելու էր իրականացնել միայն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, այս տարի ԳԱԱ-ն իր հաշվետվության մեջ առաջարկել է նաև որս իրականացնել Լոռու և Տավուշի մարզերում, ընդհանուր քանակությունը վայրի խոզի 45 է սահմանված, Լոռու և Տավուշի մարզում՝ 5-ական, իսկ մնացած 35 հատը արդեն նախատեսված է սահմանել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար:
Որսի թույլատրելի քանակը, ժամանակահատվածը հիմնված են գիտական կազմակերպությունների, այդ թվում՝ ԳԱԱ-ի հաշվառման և ուսումնասիրությունների հիման վրա:
Անդրանիկ Գյոնջյան (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող) - Մինչև որսաշրջանի բացվելը՝ մեկ ամիս առաջ, կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ՇՄՆ-ին հատկացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները, որի համաձայն և ՇՄՆ-ն որոշում է կայացնում որսաշրջանի բացման տևողության և մնացածի հետ կապված:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից «Լուրերին» հայտնեցին, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 46 ապօրինի որսի դեպք: Կիրառվել է 26 տույժ՝ նշանակվել ընդհանուր 2 մլն 300 հազար դրամ վարչական տուգանք: Առգրավվել է 3 հրացան: Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 9 մլն դրամը:
Տարոն Բրսոյան («Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միության նախագահ) - Որսագողություններ ամբողջ աշխարհում են իրականացվում, դա էլ անհնար է ընդհանրապես վերացնելը, կարծում եմ, բայց տարին տարվա վրա որսագողության դեպքերը բավականին քչանում են, ու կենդանական տեսակները, իրենց պոպուլյացիան, բավականին քանակը ավելանում է: Դա էլ փաստում է հենց ամեն տարվա տրված լիցենզիաների քանակի ավելացումով, եթե կենդանին կա, դրա հիման վրա են տալիս իրեն որսալու հնարավորություն:
Ապօրինի որսի համար տուգանքի նվազագույն չափը 10.000 դրամն է, գործում է նաև մինչև 200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքի պատժատեսակը. առանձին դեպքերում օրենքը նաև տարբեր ժամկետներով ազատազրկում է նախատեսում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան