Պետական բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման հայեցակարգային առաջարկների համար դեռ ժամանակ կա: Վերջնաժամկետը 2024 թ. փետրվարի 15-ն է: Նախարարությունը կարևորում է, որ գործընթացը լինի մասնագիտական լայն քննարկումների ճանապարհով: Քննարկումները այս պահին փոքր-ինչ պասիվ են՝ արձակուրդային շրջանով պայմանավորված: Խոշորացված բուհերը կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում: Նախնական գնահատմամբ՝ այն պատրաստ կլինի 2029 թվականի դեկտեմբերին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկը՝ քննարկումներ սկսել պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորվելու վերաբերյալ, համընկել է արձակուրդի շրջանի հետ: Մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն ասաց՝ հարցին կարող են անդրադառնալ սեպտեմբերին:
Դինա Գալոյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր) - Դեռ իհարկե քննարկումները չեն սկսվել, որովհետև այս պահին հիմնականում և՛ ակադեմիական, և՛ վարչական աշխատակազմի մեծ մասը արձակուրդում է գտնվում, բայց վերադառնալուն պես անպայման մենք քննարկումները կանենք թե՛ բուհի ներսում և թե՛ մեր հիմնական խոշոր գործատուների հետ՝ որևէ առաջարկով հանդես գալու:
Դիանա Գալոյանը նշում է՝ նախնական որոշակի պատկերացումներ ու մոտեցումներ ունեն, այնուամենայնիվ, միավորման 6 ուղղությունները վերջերս են հրապարակվել, նախարարի հետ հանդիպման ժամանակ էլ ռեկտորները տեղեկացվել են, որ կարող են նաև այդ ուղղությունների ցանկը համալրելու առաջարկ ներկայացնել՝ հիմնավորումների հետ միասին: Հայեցակարգային առաջարկների համար սահմանված վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 15-ն է: Նախարարությունը կարևորում է, որ գործընթացը լինի մասնակցային ու մասնագիտական լայն քննարկումների ճանապարհով:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Այդ հայեցակարգի հետ նախատեսում ենք ունենալ ժամանակացույց, որոշակի կառուցվածքի նկարագրություն, ապագա խոշորացված բուհերի կրթական ծրագրերի մասին որոշակի ինֆորմացիա, և արդեն հայեցակարգերը ստանալուց հետո կստեղծվի մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի դրանք:
Խոշորացված բուհերը կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում: Կառուցվելիք քաղաքի վերաբերյալ հայեցակարգի նախագիծն արդեն հրապարակվել է, դրվել հանրային քննարկման: Այն բուհերը, որոնք չեն խոշորացվի, 2027 թվականից կզրկվեն պետական ֆինանսավորումից, այդպիսով, փաստորեն, դրանց գոյությունն էլ կհամարվի ոչ նպատակահարմար:
Բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունն իր ներդրումն անում է գույքի միջոցով, ֆինանսավորման միջոցով: Եթե արդեն 27 թվականից որևէ բուհ չխոշորանա, կզրկվի այդ միջոցներից, ու նաև կքննարկվի դրանց վերակազմակերպման հարցը:
Հայեցակարգի նախագծում նշվում է՝ Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքներում: Ընդհանուր մակերեսը՝ շուրջ 700 հա:
Նախագծումը ծրագրվում է սկսել այս տարվա սեպտեմբերից և ավարտել 2025 թ. սեպտեմբերին, հոկտեմբերից արդեն պետք է մեկնարկի կառուցման փուլը: Նախնական գնահատմամբ՝ Ակադեմիական քաղաքը պատրաստ կլինի 2029 թվականի դեկտեմբերին: Հնարավորություն կունենա տեղավորել մինչև 16 բուհ՝ մինչև 8՝ պետական խոշորացված և մինչև 8՝ մասնավոր կամ միջազգային: Վերջինների դեպքում տեղափոխությունն ընտրությամբ է: Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, նաև, ըստ նպատակահարմարության` ոլորտին առնչվող այլ պետական ու մասնավոր կառույցներ։ Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրը լինելու է Հայաստանի պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներդրումային կամ վարկային միջոցները: Բուհերի տեղափոխումից հետո Երևանում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է Ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացմանը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան