Էլցանցերի նոր բաժանորդները ցանցին միանալու համար կվճարեն մի քանի անգամ ավելի, կառուցապատողի դեպքում՝ մինչև տասնապատիկ ավելի: Սակագնի բարձրացումը նախաձեռնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հիմնավորում են, որ վերջին 15 տարում ծառայության թանկացում չի եղել, մինչդեռ սարքավորումները և կատարվող աշխատանքը թանկացել են:
Էլցանցին միանալու վճարի մինչև տասն անգամ թանկացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հիմնավոր են համարում: Հանձնաժողովի անդամը նշեց՝ 15 տարի Հայաստանի էլեկտրական ցանցերին միանալու սակագինն անփոփոխ է եղել, մինչդեռ, ըստ Սերգեյ Աղինյանի, թանկացել են սարքավորումները, նյութերը, նույնիսկ աշխատանքի արժեքը:
Սերգեյ Աղինյան (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ) - Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ դա բավականին էժան էր, այսինքն առանձնատան միացումը 53 հազար դրամ էր մարզում և 65 հազար Երևանում, հաշվի առնելով ցածր լինելը բաժանորդները դիմում էին ՀԷՑ-ին միանալու համար, բայց իրենք չէին սպառում, այսինքն՝ ուղղակի ամայի տարածքում ՀԷՑ-ը իրականացնում էր շինարարություն, միլիոնավոր դրամների ներդրումներ էին իրականացնում, բայց բաժանորդը այնտեղ չէր էլ բնակվում ու էն օգուտը, որը սպասվում էր, որ բաժանորդը պետք է բերեր՝ դա էլ չէր ստացվում:
Անհատական բնակելի տուն կառուցող քաղաքացիները 10 կիլովատ լարման սնուցման համար Երեանում 65 հազար դրամի փոխարեն այժմ 282 հազար են վճարելու, 14 կիլովատի դեպքում՝ 91 հազարից սակագինը դարձել է 305 հազար: Մարզերում՝ 10 կիլովատի դեպքում՝ 53 հազար դրամի փոխարեն՝ 234 հազար, իսկ 14 կիլովատի դեպքում 61 հազարի փոխարեն՝ 239 հազար դրամ:
Ապրիլի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը հենց հանձնաժողովն է նախաձեռնել՝ ընդգծեց Սերգեյ Աղինյանը: Երևանում անհատական բնակելի տուն կառուցող քաղաքացիները 10 կիլովատի համար վճարելու են 282 հազար, մարզում՝ 234 հազար դրամ, իսկ 14 կիլովատի դեպքում մայրաքաղաքում սակագինը 305 հազար է, իսկ մարզերում 239 հազար դրամ: Կառուցապատողների դեպքում Երևանում 1 բնակարանի՝ 10 կիլովատ լարման համար 65 հազար դրամից սակագինը դարձել է 693 հազար, իսկ 14 կիլովատի դեպքում՝ 91 հազարից՝ 790 հազար դրամ: Նույն գներն են սահմանվել նաև մարզերում: Ըստ հանձնաժողովի անդամի՝ մինչև այս փոփոխությունը միացման վճարի 100 հազարներով հաշվարկվող տարբերությունը սակագնի մեջ էր ներառվում:
Սերգեյ Աղինյան - Մյուս սպառողներով ենք փոխհատուցում ՀԷՑ-ի կողմից իրականացված ներդրումները: Մի ժամանակ դա փոքր ծախս էր, զգալի չէր ու անդրադառնալու անհրաժեշտություն չկար, հետո փորձեցինք անդրադառնալ, տարբեր ժամանակներում տարբեր խոչընդոտներ կամ ավելի առաջնային խոչընդոտներ կային:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայից նշում են՝ որքան էլ ընդունեն սոցիալական արդարության վերաբերյալ հիմնավորումը, փոփոխության անցումային ժամանակահատվածը սահուն չէր և հավելյալ բեռ է դարձել:
Արմեն Սաքապետոյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ) - Երբ որ մենք ընդդիմախոսում ենք, միշտ բերում են էս սոցիալական օրինակը, որ ինչի՞ պետք ա Վայոց ձորի մարզի մի հատ գյուղի բնակիչ ավել վճարի ձեր կառուցապատող շենքի համար: Սոցիալական առումով արդար է, բայց կառուցապատման մեջ, դա լինի ենթակառուցվածք, քաղաքաշինական մասով, խաղի կանոնների փոփոխությունն ունենում է բացասական ազդեցություն և ուղղակի ազդում է ներդրումային միջավայրի վրա:
Սաքապետոյանի դիտարկմամբ՝ այդ բացասական ազդեցությունը քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգալու:
Արմեն Սաքապետոյան - Մենք ունենք ստեղ առնվազն 3 անգամ թանկացում կամ մեկ բնակարանի հաշվարկով 500 հազար դրամի լրացուցիչ ծախս, եթե կառուցապատողը մեկ բնակարանը վաճառում էր 20 մլն դրամով, հիմա կսկսի վաճառել 20 մլն 500 հազար դրամով:
Սերգեյ Աղինյան - Եթե ես առանձնատուն եմ կառուցում, ու դա արժե, ասենք, եթե փոքր, միջին ա, կարծում եմ՝ 50 մլն դրամից պակաս չեմ կարող ունենալ: Դրա համար պետք ա վճարել 280 հազար դրամ, 0.5-0.6 տոկոս: Ո՞նց եք կարծում՝ էդ թանկացումը կարա իմ առանձնատուն կառուցելու որոշման վրա ազդի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նշում են՝ այս որոշման մասին տեղեկանալուց հետո մինչև դրա ուժի մեջ մտնելը մոտ 12 հազար դիմում է ստացվել շենք և բնակելի տուն կառուցողներից և ժամկետների մեջ դիմողները նախկին սակագներով են հասցրել միանալ ՀԷՑ-ին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան