Մինչև դեկտեմբերի 12-ը խաղաղապահների մասնակցությամբ և ներկայությամբ տարբեր հանդիպումներ են եղել ադրբեջանական կողմի հետ. Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ԼՂ նախագահը և ընդգծել, որ քննարկել են սոցիալական, ենթակառուցվածքային բնույթի հարցեր: Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ դեկտեմբերի 12-ից հետո Ադրբջանը փոխել է իր վարքագիծը:
Արայիկ Հարությունյան (Լեռնային Ղարաբաղի նախագահ) - Ուղղակի երկխոսությունը կամ հարգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, և որը այսօր արդեն ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակի հետ է ինքը փորձում հարաբերվել, դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօր, մենք ունեինք այն ժամանակ ազատ տեղաշարժ Հայաստանի հետ, մենք ունեինք հնարավորություն շփվելու ուղղակի միջազգային հանրության հետ, ոչ թե հեռախոսով, այլ ունենալ այցելություններ, կազմակերպել հանդիպումներ, դրա համար մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինի իրական երկխոսություն կամ բանակցություններ:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նշել է՝ իրենց դրդում են ընդունել Ադրբեջանի պայմաններն ու պահանջները, որոնք անընդունելի են:
Արայիկ Հարությունյան - Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պնդելով միջազգային հանրությանը հարգել մեր իրավունքները, և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ: Ի դեպ, ես առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու եմ միջազգային հանրությանը, մանավանդ դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, որից հետո պահանջել կամ հորդորել մեզ հանդիպման:
Արայիկ Հարությունյանը հաստատել է, որ միջազգային հանրությունից երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպելու առաջարկներ են եղել:
Արայիկ Հարությունյան - Արևմուտքից Ամերիկա, Եվրոպա միասնական ջանք գործադրվել է երրորդ երկրում հանդիպում կազմակերպելու առումով: Իհարկե, մեր կողմից եղել է դրական պատասխան, մանավանդ այն մոտ էր միջազգային ձևաչափին, այսինքն՝ ես չեմ ուզում ասել, որ դա միջազգային ձևաչափով հանդիպման նախապատրաստական աշխատանք էր, բայց ինչ-որ տեղ կարելի էր ընդունել, և Ադրբեջանը հրաժարվել էր նաև այդ ձևաչափից, այսինքն՝ շահագրգռվածություն տեսել ենք այդ նախաձեռնողներից, բայց Ադրբեջանի հրաժարվելուց հետո այդպես էլ մնաց օդում կախված:
Հումանիտար աղետը Ադրբեջանի կողմից միջազգային նորմերը, պահանջները չհարգելու հետևանք որակելով՝ Հարությունյանն անդրադարձել է նաև Բաքվից Աղդամով օգնություն ստանալու հարցում Ստեփանակերտի բացասական վերաբերմունքին:
Արայիկ Հարությունյան - Այս հումանիտար աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունք է, մենք դրա համար ենք ասում՝ մենք համակենտրոնացման ճամբար ենք, որովհետև էդ ճամբարում այդպես է լինում, դարձնում են ճամբար, հետո սկսում տրամադրել այն, ինչ նպատակահարմար ենք գտնում, և ինչքան նպատակահարմար ենք գտնում: Մենք նաև պետք է հաշվի առնենք հենց միջազգային հանրության կողմից կարևորված լինելը Լաչինի միջանցքի առումով, բազմաթիվ որոշումներ՝ Հաագայի միջագային դատարանի որոշումը:
ԼՂ նախագահի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է ստիպել Լեռնային Ղարաբաղին հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից և երկխոսել իրենց առաջարկած օրակարգով:
Արայիկ Հարությունյան - Ադրբեջանը շարունակում է իր ճնշումները առավելագույնը կորզելու, մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը ԼՂ հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի, իրականացնելով, իհարկե, զուգահեռ նշեցի, ցեղասպանությունը, ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա և միջազգային դերակատարներին Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու առումով:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նշել է Ստեփանակերտի ու Երևանի պաշտոնական մակարդակում շփումներն ամենօրյա բնույթ են կրում, քննարկվում են խնդիրները, լինում են տարաձայնություններ, և ամենակարևոր տարաձայնությունը հենց ղարաբաղյան խնդիրն է: Արայիկ Հարությունյանը հորդորել է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Հարցազրույցում Հարությունյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմում պարտության պատճառներին:
Արայիկ Հարությունյան - Ադրբեջանի հետ մասնակցում էր պատերազմին Թուրքիան, օժանդակում էին մի շարք այլ պետություններ, տեխնոլոգիաներով, հազարավոր վարձկաններ և այլն, իսկ Ղարաբաղը մեն-մենակ, իհարկե, Հայաստանի հետ միասին, բայց հիմնական այդ ծանրությունը, այդ հարվածը հասցրեց Ղարաբաղին, Արցախին, դրա համար մենք ունեցանք ոչ մեզ համար լավ արդյունքներ:
ԼՂ-ի ժողովուրդը, ըստ Արայիկ Հարությունյանի, պատրաստակամություն է հայտնել պայքարելու, իսկ իշխանությունները առաջնորդելու են նրանց:
Հեղինակ՝ Լիանա Խաչատրյան